Լոնդոնը փորձում է պարզել «Բրեքզիթ»-ի հարցում Մոսկվայի հնարավոր ազդեցությունը

Բրիտանական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե արդյոք Ռուսաստանը փորձել է ազդել քվեարկության վրա, որի արդյունքներով Մեծ Բրիտանիան առաջիկայում պետք է լքի Եվրամիությունը:

Բրիտանական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Բոբ Փոսները Times-ի հետ զրույցում վկայակոչել է ԱՄՆ-ում ի հայտ եկած տեղեկությունները, որոնց համաձայն՝ Ռուսաստանը, հնարավոր է, օգտագործել է Facebook-ն ու այլ սոցիալական ցանցեր՝ 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդելու նպատակով: Մեծ Բրիտանիայում ենթադրում են, որ Ռուսաստանը կարող էր նույն կերպ փորձել ազդել «Բրեքզիթ»-ի քվեարկության վրա:

Վերջերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում հայտարարել է, որ իր կառավարությունը «շատ լուրջ է վերաբերվում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցին»:

Reuters գործակալությունը և Times պարբերականը հաղորդում են, որ բրիտանական ընտրական հանձնաժողովը նաև փորձում է պարզել, թե արդյոք Եվրամիությունից դուրս գալու աջակիցների ճամբարի գլխավոր ֆինանսիստ Ահարոն Բենքսը խախտել է հանրաքվեի ֆինանսավորման կանոնները, որոնք պահանջում են, որպեսզի դոնորները տեղակայված լինեն երկրի տարածքում: «Իհարկե նման բան չի եղել», - Times-ի հետ զրույցում հերքել է Բենքսը:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունը պետք է լքի մինչև 2019 թվականի մարտը: Այդ հարցով հանրաքվեն տեղի է ունեցել 2016 թվականին: