Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, այն շատ հեշտությամբ կլուծվի, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Էրդողանը նաև հայտնել է, որ եկող շաբաթ հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ՝ քննարկելու ղարաբաղյան խնդիրը։
Պուտինի դիրքորոշումը չափազանց կարևոր է այս հարցում, «Սաբահ» պարբերականին ասել է Էրդողանը՝ Ադրբեջան կատարած այցից հետո։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Էրդողան հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել։
Հավելենք նաև, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև այսօր չկարգավորված հարցեր չկան։
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Բաքվում հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, սակայն այն դեռ հարցականի տակ է:
Հայտնի է, որ նոյեմբերի 16-ին ժամը 11-ին Մոսկվայում Մամեդյարովը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, որ համանախագահները նախատեսում են նոյեմբերի կեսերին հանդիպել նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Մամեդյարովը նաև ասել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ որոշվել է արագացնել բանակցային գործընթացը։
Հայաստանի արտգործնախարարությունը, սակայն, առայժմ չի հաստատում Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարարի առաջիկա հանդիպման մասին տեղեկությունները: «Հանդիպման, դրա վայրի և ժամկետների մասին վերջնական պայմանավորվածության առկայության դեպքում այդ մասին նախապես կտեղեկացնենք», - «Ազատության»-ն ասել է արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, վերջին անգամ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են հոկտեմբերի 16-ին՝ Ժնևում։ Բանակցություններից ժամեր անց հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահը հայտարարել էր. - «Եվ՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես խորապես շահագրգռված ենք, որ լարվածությունը թուլանա»։
Հավելենք նաև, որ հոկտեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր. - «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»: