ՀԱՊԿ-ի աջակցությունը Հայաստանին զրոյական է․ Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի համոզմամբ, ՀԱՊԿ-ն արհեստական կազմակերպություն է, և Հայաստանը ՀԱՊԿ-ում է Ռուսաստանի ցանկությամբ։

Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ չի հիշում մի օրինակ, երբ Հայաստանն իր թիկունքում զգացած լինի այդ դաշինքի զորակցությունը։

Պողոսյան. - Ցավոք սրտի, անունը ՀԱՊԿ է, բայց երևի պետք է իրականությունը գնահատենք, որ միացել ենք ավելի շատ այն պայմանագրին, որը Ռուսաստանի ցանկությունն էր այդ կոլեկտիվության մեջ լինելու, իսկ դժվար թե Հայաստանը երբևէ միանալուց մտածում էր, որ այնտեղ կլինի, օրինակ, այնպիսի երկիր, ինչպես՝ Բելառուսիան, որն ամեն օր զենք կվաճառի Ադրբեջանին։

«Ազատություն». - Կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ այս տարիների ընթացքում Հայաստանն իր թիկունքում զգացել է ՀԱՊԿ-ի՝ այս ռազմական դաշինքի զորակցությունը։

Պողոսյան. - Զրոյական՝ ինչպես միշտ ասել եմ։ Արհեստական կազմակերպություն է, ես այս կազմակերպությունը, որպես ՀԱՊԿ օգնելու համար, որևէ մի օրինակ չունեմ։ Միգուցե կարող ենք սրտի մխիթարանքի իմաստով ասել՝ երբ որ գլխավոր քարտուղարն արդեն պաշտոնակատարի կարգավիճակով մեկնում էր, մի հայտարարություն արեց՝ օգտագործելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը, բայց բացի դրանից որևէ իրական, գործնական օժանդակում, այդպես ասած, չի եղել։

«Ազատություն». - Պարոն Պողոսյան, երեկ Թեհրանում հանդիպեցին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները։ Նոյեմբերի կեսերին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահները։ Հնչում են կարծիքներ, որ սա ժնևյան բանակցությունների արդյունքների ամփոփում է Մինսկի խմբի համանախագահող երկրի հետ։

Պողոսյան. - Ժնևյան համաձայնությունների շրջանակը մենք տեսանք հաջորդ օրը՝ սահմանին կրակոցով, և դրանից հետո մի քանի օր էլ անընդմեջ սահմանին կրակելով։ Այնպես, որ ինձ չի թվում, թե մեկ անգամ այս հանդիպումներով որևէ առաջընթացի խնդիր է լինելու, քանի որ չենք լսել, որ նույնիսկ փորձում են քննարկել վստահության մեխանիզմների ներդրման՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները։

Իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված՝ մինչև Արցախը չլինի բանակցությունների սեղանի շուրջ, ինձ չի թվում, թե որևէ քննարկում կարող է լուծում բերել այսօրվա դրությամբ, որովհետև դրա հետ միասին ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հայտարարություններում ասաց 180 աստիճան տարբերվող մի նախադասություն՝ «Ադրբեջանը երբեք չի հանդուրժի երկրորդ հայկական պետության ստեղծումը», իսկ Ժնևում Սերժ Սարգսյանն ասաց, որ որևէ հայկական ղեկավար չի կարող անցնել այն կարմիր գիծը, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Փաստորեն մենք ունենք նույն ծայրահեղ տարբերությունները։ Այնպես որ, Ալիևը գնալու է, ասի՞՝ «չէ՛, վայ, փոշմանել եմ, եկեք, ոչինչ, մտածենք, որ ինչ-որ ձևով կարող է հայկական պետություն լինի», թե՞ մենք ենք մեր ասածից հետ կանգնելու։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.