Հայաստանը 9 հորիզոնականով նահանջ է ապրել Doing Business-ում

Հայաստանի նախագահի, վարչապետի մակարդակով շարունակ հայտարարվող բարեփոխումների ֆոնին՝ երկիրը 9 հորիզոնականով անկում է գրանցել Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում:

Երեկ հրապարակված Doing Business-2018-ի համաձայն, Հայաստանը թեև ավելացրել է իր միավորների քանակը (մասնավորապես, բարեփոխումներ իրականացնելով էլեկտրաէներգիայի ստացման և գույքի գրանցման ոլորտներում), սակայն այլ երկրներն ավելի վճռական են եղել բարեփոխումների գործում: Արդյունքում, անցած տարվա 38-րդ հորիզոնականից Հայաստանն իջել է 47-րդ հորիզոնական:

Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանը նախորդ տարվա համեմատ 8 կետով բարելավել է իր դիրքը, 190 պետությունների շարքում զբաղեցնելով 9-րդ տեղը: Սա նշանակում է, որ ըստ Համաշխարհային բանկի, Վրաստանում գործարարությամբ զբաղվելն անհամեմատ դյուրին է, քան Հայաստանում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրն անցած տարվա համեմատ ևս 8 հորիզոնականով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 57-րդ տեղը:

Այս տարվա սեպտեմբերի 13-ին, երբ լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին, կառավարությունը թողարկեց Հանրապետական կուսակցության ձևավորած հերթական կաբինետի գործունեության արդյունքներն ամփոփղ մի բրոշյուր, որում, մասնավորապես, նշված էր․ «WB «Doing Business» զեկույցի շրջանակում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։ Հաստատված 49 միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 12 կետով»:

Վարչապետ Կարեն Կարապետյանից այսօր փորձեցինք պարզաբանում ստանալ՝ ի՞նչ է մտածում Doing Business-2018-ի զեկույցում Հայաստանի նահանջի մասին: Վերջինս միայն ասաց, թե այդ հարցին կանդրադառնա առաջիկայում կայանալիք մամլո ասուլիսին:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոն այսօր չցանկացավ պատասխանել «Ազատության»՝ Doing Business-2018 զեկույցին վերաբերող հարցերին: Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանի դիրքի փոփոխության «հիմնական պատճառներն են՝ այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումները»:

Doing Business-ի նախորդ զեկույցներից պարզ է դառնում, որ Հայաստանը վերջին տարիներին հաջողություն չի արձանագրել: Այսպես․ 2006-ին Հայաստանը 37-րդ հորիզոնականում էր, իսկ ամենավերջին զեկույցում՝ 47-րդ: Այդ նույն ժամանակահատվածում Վրաստանը 112-րդ հորիզոնականից հասել է 9-րդին: Նախորդ երեք տարիներին Հայաստանը միայն վատացրել է իր դիրքը, իսկ հարևան Վրաստանը՝ միայն բարելավել:

Մայիսին՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովին հղած իր ուղերձում հերթական անգամ խոսելով բարեփոխումների մասին, նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաև Doing Business-ին, մասնավորապես, նշելով․ «Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու «Դուինգ բիզնեսի» վարկանիշով առաջադիմել մինչև առաջին 20-յակը և հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր»։

Թե ինչու է Հայաստանը նահանջ գրանցել Doing Business-ում, ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի, պատասխանը շատ պարզ է՝ առաջընթաց գրանցած երկրները վճռական ու հետևողական են բարեփոխումների գործում:

«Միայն Doing Business-ն ինքնին ոչինչ է, բայց եթե նայում ենք այդ [դիտարկված] ինստիտուտների կայացվածությունը, ինչպես, օրինակ, Վրաստանի դեպքում, այնտեղ իրապես կա պայքար կոռուպցիայի դեմ: Ներդրողները դա տեսնում են, և դրա անուղղակի արձագանքն է դառնում օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը: Իսկ Doing Business-ն ազդակներից թերևս ամենաթույլն է: Եթե այն ամրապնդված չէ պրակտիկայով, դա կմնա թղթի վրա, ինչպես թղթի վրա են մնում տարբեր աճերը»,- ասաց Արտակ Մանուկյանը: