ՄԱԿ-ը փորձել է կենտրոնանալ ՀՀ կառավարության համար կարևոր ռազմավարական խնդիրների վրա. Բրեդլի Բուզետտո

Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անցած 25 տարիներին Հայաստանում ՄԱԿ-ի կողմից երևանյան գրասենյակի միջոցով իրականացված զարգացման ծրագրերը, որոնք, նրա խոսքով, եղել են և՛ թիրախային, և՛ բազմազան՝ սկսած ժողովրդավարական հաստատություններին աջակցությունից մինչև փոքր և միջին բիզնեսին օժանդակություն:

Նախագահը հույս է հայտնել, որ կազմակերպության հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը տարեցտարի առավել կամրապնդվի ու կխորանա:

Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել իր հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում:

Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ՄԱԿ-ի հիմքում դրված հիմնարար արժեքներին:

«ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի օգտակար և արդյունավետ աշխատանքում մեծ է նաև մշտական համակարգող Բուզետտոյի ներդրումը: Հայաստանում մարդիկ հավատում են գրասենյակին, որի համակարգմամբ ծրագրերն իրականացվում են մասնագիտական բարձր որակով և մեծ պատասխանատվությամբ: ՄԱԿ-ը, իհարկե, առաջին հերթին ընդհանուր նպատակների շուրջ համախմբված պետությունների միավորում է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպության դրոշի ներքո կարևոր առաքելություն իրականացնող այն բազմահազար մարդկանց, ովքեր ամեն օր մեծագույն նվիրումով իրականացնում են իրենց աշխատանքը», - ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ընդգծել է, որ գրասենյակն այս տարիների ընթացքում իր լավագույն ջանքն է ներդրել, որպեսզի ՄԱԿ-ը Հայաստանում դառնա չեզոք հարթակ միջազգային համայնքի և Հայաստանի համադրված աշխատանքի համար:

«Հայաստանում՝ ՄԱԿ-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Եվրոպական Միության, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և այլ դոնորների ֆինանսավորման միջոցով: Մենք այս տարիներին փորձել ենք կենտրոնանալ Հայաստանի կառավարության համար կարևոր ռազմավարական խնդիրների վրա, օրինակ՝ սահմանային անցակետերի արդիականացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, ժողովրդավարական ընտրությունների անցկացում, ինչպես նաև ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանք: Ակնկալում ենք նաև նոր ծրագրերի իրականացում, օրինակ՝ Մեղրիի սահմանակետի արդիականացում, ԱԻՆ-ի հետ քննարկում ենք «Նաիրիտ»-ի տարածքում վտանգավոր նյութերի պահեստների մաքրման աշխատանքներ իրականացնելու հարցը: Շատ լավ և կարևոր աշխատանքներ ենք իրականացնում Տավուշի սահմանամերձ համայնքներում և այժմ ուսումնասիրում ենք այդ ծրագրերը ընդարձակելու հնարավորությունը՝ ներառելով նաև Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գյուղերը», - ասել է Բուզետտոն՝ նշելով. - «Իհարկե, չպետք է մոռանանք այն աշխատանքը, որ Հայաստանի հետ համագործակցությամբ իրականացնում ենք սիրիահայ փախստականներին աջակցության նպատակով»:

ՄԱԿ-ի մշտական համակարգողը իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին համաշխարհային մակարդակով կայունությանը և խաղաղությանը նպաստելու, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու գործում կարևոր և ակտիվ դերակատարում ունենալու համար:

«Ցանկանում եմ ընդգծել Մալիում, Լիբանանում և այլ երկրներում Հայաստանի խաղաղապահ առաքելությունը և այն շարունակելու պատրաստակամությունը», - նշել է Բուզետտոն: