Ազգային ժողովի նախկին նախագահ, այժմ Հանրապետական (ՀՀԿ) պատգամավոր Գալուստ Սահակյանի համոզմամբ, պետք է պատժվեն բոլոր այն պաշտոնյաները, ովքեր տարբեր միջոցներով իրենց երեխաներին ազատում են բանակից կամ առնվազն այնպես են անում, որ իրենց զավակները ծառայության ընթացքում առաջնագծում չհայտնվեն:
«Եթե իշխող ուժի մեջ էլ նման երևույթներ կան, ուրեմն պետք է հարվածենք իշխող ուժին», - վստահեցնում է Հանրապետականի ամենաերկարակյաց փոխնախագահը:
Գալուստ Սահակյան. - Հանցագործություն է, եթե հանկարծ իշխանությունները փորձեն ինչ-որ մի բան խախտել, դա հանցանք է, իսկ յուրաքանչյուր հանցանք, նույնիսկ, եթե ժամանակին չի պատժվում, ինչ-որ ժամանակ գալիս է ու պատժվում է։
«Ազատություն». - Պե՞տք է պատժվեն իշխանության մեջ այն պաշտոնյաները, ովքեր հովանավորչությամբ իրենց երեխաներին թույլ չեն տալիս առաջնագծում լինել։
Գալուստ Սահակյան. - Ես կարծում եմ՝ այո՛, պետք է պատժվեն՝ կապ չունի, թե՛ իշխանավոր է, թե՛ մեծահարուստ է, թե՛ շատ փող ունեցող է...
«Ազատություն». - Իշխանություններն այդ հարցում նույն հետևողականությունը կունենա՞, ինչպես այս օրենքի շրջանակում էր, որ բոլոր 18 տարեկանները պետք է պարտադիր ծառայեն բանակում։
Գալուստ Սահակյան. - Իշխանությունը հիմնականում կունենա, բայց որպեսզի ամեն ինչ իր տեղը ընկնի, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի այդ ուղղությամբ։ Եթե իշխող ուժի մեջ էլ նման երևույթներ կան, ուրեմն պետք է հարվածենք նաև իշխող ուժին։ Իսկ ո՞վ ասաց, որ իշխող ուժը նրա համար է, որ բոլորին պետք է հարվածի, բացի իրանից։ Ես չեմ տեսել իշխող ուժի մեջ մարդիկ, որոնք օրենքը խախտելով բանակ չեն գնացել։
«Ազատություն». - Բայց այս ուսանողներն էլ, որ ասում են՝ զինծառայության մասին օրենքը մի փոխեք, նրանք էլ չեն ասում՝ «օրենքը խախտելով չենք գնալու», ասում են՝ «դուք օգտվել եք այդ հնարավորություններից, չեք գնացել բանակ, ուսում եք ստացել, իսկ մեզ դուք այդ հնարավորությունից զրկում եք»։
Գալուստ Սահակյան. - Դա կմնա ուժի մեջ, թող պատգամավոր դառնան, հետո չգնան բանակ, ենթադրենք։ Պատգամավոր դառնալը դա չի նշանակում չծառայել պետությանը։
«Իմ որդին մինչև ծառայության գնալը նորից ծառայել է»
Իշխող ուժի փոխնախագահը մյուս պաշտոնյաների մասին տեղյակ չէ, բայց պնդում է՝ իր որդին ծառայել է բանակում, սակայն չի մանրամասնում արդյո՞ք այդ ծառայությունն առաջնագծում է եղել:
Ըստ Գալուստ Սահակյանի, իր որդին ծառայել է անգամ բանակ գնալուց առաջ, թե ինչպե՞ս, Սահակյանը չմանրամասնեց:
Նշենք, որ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, 2011 թվականից զբաղեցնում է կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը։
«Իմ տղան ոչ միայն գնացել է բանակ, այլև ծառայել է։ Չեմ էլ ուզում շատ երկար պատմել, նա ծանոթ է եղել ամբողջ համակարգին», - ասաց Սահակյանը։
Հարցին, թե առաջնագծում ծառայե՞լ է, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. - «Բոլոր տեղերում եղել է, ծառայել է, առավել ևս մինչև ծառայության գնալը նորից ծառայել է տարբեր պայմաններում։ Չեմ ուզում անդրադառնալ դրան։ Նա կարողացել է ոչ միայն մասնակցել, այլև տարբեր զորամասերում մեծ համերգներ կազմակերպել»։
Գալուստ Սահակյանը համաձայն չէ, որ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված Զինծառայության մասին օրենքը, մասնավորապես՝ բանակում 2 տարի ծառայելը, մեծ վնաս կհասցնի կրթությանն ու գիտությանը:
Շուրջ 22 տարի Ազգային ժողովի պատգամավոր աշխատած Սահակյանը հիշում է՝ դեռևս 90-ականներից պայքարում էին, որպեսզի 18 տարեկանները բանակ գնան, և պարբերաբար տարբեր օրենսդրական նախաձեռնություններ էին խորհրդարան բերվում։
Սակայն, ըստ Սահակյանի, մարդիկ դեմ էին, քանի որ այն ժամանակ ժողովուրդը դեռևս չէր պատկերացնում բանակն ինչ է իրենից ներկայացնում, ինչ խնդիրներ է լուծում պետության համար։
«Տարիներ շարունակ նորից այդ օրենքը եղավ, տարիներ շարունակ նորից քննարկել ենք, ուսանողները սկսեցին, նույնիսկ ես էի ընդունում նրանց այստեղ, ասում էին, որ իրենց գիտելիքը և այլն... Մտածեցինք, որ մի փոքր էլ համբերենք մինչև հասարակությունը հասկանա, որ պետության, ազգի ամրապնդումը հասարակության ամենակարևոր գործոնն է։ Այսօր ես կարծում եմ, որ մեր ազգը հասկանում է այդքանը, որովհետև այն բողոքները, որ ժամանակին կային, այսօր չկան։ Ինչ-որ տեղերում կազմակերպում են՝ կա՛մ ընդդիմադիր, կա՛մ դիմադիր, կա՛մ խնդիրները լուծող մարդիկ, որոշակի ուսանողներ են հանում, իբրև թե այս ուսանողներն էլ մտքի այնպիսի տաճարներ ունեն, որ կանգնում ասում են՝ «մեր միտքը կարգելակվի, եթե մենք գնանք բանակ,» հետո որ ուսումնասիրում ենք, թե ովքեր են, մտածում ես՝ «ինչ լավ կլինի, որ դրանց մեծ մասը ինստիտուտներում չլինի», որովհետև, միևնույն է, նրանք տենց գիտելիքների համար չեն», - ասաց Սահակյանը
Հակադարձելով ընդդիմադիր «Ելք»-ից հնչող այն տեսակետներին, թե բանակում չծառայածների իշխանությունն այսօր զրկում է երիտասարդներին կրթվելու հնարավորությունից, Գալուստ Սահակյանը նշում է՝ այդ ընդդիմադիրները թող նախ ասեն՝ այս պետության համար ի՞նչ են արել:
«Ընդդիմությունը դա չի, ես իրական ընդդիմություն տեսել եմ»
ՀՀԿ փոխնախագահն ասում է, թե երբ խոսում են այսօրվա ընդդիմության մասին, ինքն իրեն վիրավորված է զգում, քանի որ պատգամավորության 22 տարիների ընթացքում իրական ընդդմիություն է տեսել։
«Խոսում են հպարտ-հպարտ, որ գիտեք, ապրիլյան պատերազմում գնացել են, իրենց գործունեությունը ծավալել են, դրա համար մեդալ են ստացել, չմտածելով, որ մարդիկ երկու-երեք տարի ծառայում են, գնում զոհվում են, դեռ էդ մեդալն էլ չեն ստացել», - ասաց Սահակյանը՝ շարունակելով. - «Նախ պետք է կարողանան այս պետության մեջ մի քանի բաներ ստեղծել, պետք է կարողանան ինչ-որ շատ ծառեր տնկել, պետք է կարողանան ինչ-որ գործողություններ կատարել։ Հիմա, երբ ասում եք՝ «ընդդիմությունն ասաց», ես ինձ վիրավորված եմ զգում, ընդդիմությունը դա չի, ես իրական ընդդիմություն տեսել եմ»։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով ընդդիմադիր դաշտը ստեղծել է նախկին վարչապետ, այսօր Հանրային խորհուրդը ղեկավարող Վազգեն Մանուկյանը։
«Մենք այն ժամանակ չգիտեինք, որ ընդդիմադիր դաշտեր գոյություն ունեն, գիտեինք, որ արտասահմանում նման բաներ կան, բայց նա կարողացավ ընդդիմադիր դաշտ ստեղծել, նա կարողացավ այնքան ժողովուրդ հավաքել, որ հնարավոր էր, որ կդառնար երկրի նախագահ, բայց, բնականաբար, չէր դառնալու, որովհետև նախագահական ինստիտուտով Հայաստանում չես կարող երկրի նախագահին փոխել, էդպես էր՝ մեր երկրի բնույթն այդպես էր այդ ժամանակ», - ասաց Գալուստ Սահակյանը։