Թուրքիայում ձերբակալվել է հայտնի գործարար և ակտիվիստ Օսման Քավալան

Օսման Քավալա, արխիվ

Թուրքիայի դատարանն այսօր որոշեց ձերբակալել հայտնի գործարար և ակտիվիստ Օսման Քավալային՝ անցած տարվա հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեղադրանքով:

«Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության նախագահը բերման էր ենթարկվել երկու շաբաթ առաջ՝ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից: Նրա հիմնադրած կազմակերպությունը ակտիվորեն աշխատում էր Եվրոպայի հետ մշակութային կապերը սերտացնելու, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Անցած տարվա հեղաշրջման փորձից հետո Անկարան ձերբակալել է արդեն ավելի քան 50 հազար մարդու, ավելի քան 140 հազարն էլ զրկվել են աշխատանքից:

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեղափոխականների դեմ պայքարի պատրվակով ճնշում է բոլոր ընդդիմախոսներին ու ամրապնդում բռնապետական կառավարումը: