Իրանի բանակի երկու բարձրաստիճան հրամանատարներ հայտարարել են, որ հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, ով նաև բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է, սահմանափակել է երկրում արտադրվող բալիստիկ հրթիռների հեռահարությունը մինչև 2 հազար կիլոմետրի:
Առաջին անգամ է, որ իրանցի բարձրաստիճան զինվորականները խոսում են Խամենեիի կողմից նման սահմանափակման մասին: Հայտնի չէ, թե երբ է նա հրահանգել այդ սահմանափակումները:
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկեց պաշտոնական Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագրին առնչություն ունեցող անհատների ու կազմակերպությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու օգտին: