Չի բացառվում, որ Ռուսաստանն ազատ վիզային ռեժիմ սահմանի Վրաստանի քաղաքացիների համար: Մոսկովյան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Ռուսաստանցի դիվանագետի պնդմամբ, Մոսկվան արդեն իսկ հստակ առաջարկներ է ուղարկել Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն: Որպես առաջին քայլ Մոսկվան առաջարկում է ազատ վիզային ռեժիմ սահմանել Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմերի համար:
«Չենք բացառում, որ հեռանկարում Վրաստանի և Ռուսաստանի միջև կարող է փոխադարձ հիմունքներով վիզային ազատ ռեժիմ սահմանվել: Այլ հարց է, որ դրան հասնելն այնքան էլ հեշտ չի լինի: Գլխավոր խոչընդոտն, իհարկե, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է: Այդ հարաբերությունները, հիշեցնեմ, խզվել են Թբիլիսիի նախաձեռնությամբ», - նշում էր Գրիգորի Կարասինը մոսկովյան պարբերականին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստանը դեռ 2012 թվականին է ազատ վիզային ռեժիմ սահմանել: Ավելի քան 5 տարի է արդեն, ինչ Ռուսաստանի ցանկացած քաղաքացի կարող է ազատորեն` առանց մուտքի արտոնագիր ստանալու, առավելագույնը մեկ տարի ժամկետով գտնվել Վրաստանի տարածքում: Վրացական անձնագիր ունեցողները, սակայն, այսօր էլ պետք է պաշտոնապես դիմեն Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործող Ռուսաստանի շահերը ներկայացնող բաժին` մուտքի վիզա ստանալու խնդրանքով։
2015-ի դեկտեմբերին ռուսաստանյան իշխանությունները որոշակիորեն մեղմացրել էին Վրաստանի քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրելու համար ներկայացվող պահանջները, ինչի հետևանքով Ռուսաստան մեկնողների թիվը զգալիորեն աճել էր:
«2016 թվականին ռուսական վիզա ստացող Վրաստանի քաղաքացիների քանակը կրկնապատկվել է` հասնելով 40 հազարի: Կարծում եմ, որ 2017 թվականի կտրվածքով այդ ցուցանիշն ավելի կաճի», - «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշում է Կարասինը:
Նոյեմբերի կեսին արդեն Վրաստանի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի հետագա ազատականացման հեռանկարները կքննարկվեն Չեխիայի մայրաքաղաքում` Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպման ընթացքում:
Վրաց դիվանագետի խոսքով, սակայն, վիզային ռեժիմի ազատականացման հարցում հիմնական զիջումների պետք է Ռուսաստանը գնա, քանի որ Վրաստանն արդեն իսկ լուրջ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ:
«Տարեկան մեր երկիր Ռուսաստանի մոտ մեկ միլիոն քաղաքացի է այցելում: Նրանց հնարավորություն է տրված անգամ մեկ տարվա ընթացքում առանց վիզայի գտնվել Վրաստանի տարածքում: Վրաստանի քաղաքացիների համար, սակայն, Ռուսաստան այցելելը բավական դժվար է», - նշում է Աբաշիձեն: