Գյումրիի համայնքային բյուջեն կրճատվում է շուրջ 69 մլն դրամով

Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը ավագանու ֆինանսական, ապա նաև իրավական հարցերի հանձնաժողովների նիստերում հայտարարեց, թե բյուջեի սեկվեստրի պատճառը սխալ հաշվարկն է:

Ջիլավյանը կրճատման անհրաժեշտություն բացատրելու համար օրինակներ բերեց․ - «Մեր բյուջեն վերջնականապես երբ որ հաստատվի, եկամտային մասը կլինի 3 միլիարդ 316 միլիոն 224 հազար 700 դրամ: Բյուջեի եկամուտների և ծախսերի մեջ կատարվում է 69 միլիոն 785,5 հազար դրամի ուղղումներ․ նվազում է էսքանով գումարը, եկամուտները, և համապատասխանաբար պակասում է ծախսերի թիվը: Պակասեցնում ենք խմիչք, ծխախոտից գանձվող վարձավճարները՝ 2 միլիոն դրամով, որովհետև մենք էդքան ավել ենք պլանավորել: Բացի դրանից, ասենք, մենք հաշվի ենք առել անցյալ տարվա փաստացի մուտքերը, պլանավորել ենք՝ մի բան ավելով, էս տարվա համար: Բայց բանից դուրս եկավ, որ, օրինակ, մենք բոլորս էս քաղաքի բնակիչներ ենք, տեսնում ենք, որ խանութներ կան, որ վաճառվում կամ տրվում է վարձով»:

Ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանից հետաքրքրվեց, թե բյուջեն կազմելիս ինչն են հիմք վերցրել, որ հիմա էլ սխալվել են:

Ջիլավյանի պատասխանը․ - «Մենք վերցրել ենք հիմք 2016 թվականի և 2015 թվականի փաստացի մուտքերը և, ասենք թե, պլանավորել ենք 2017 թվի համար: Բյուջեն էդպես ա թելադրում, էդպես պիտի պլանավորենք․․․ Բայց ստացվում ա նենց, որ, օրինակ, տեսեք՝ մենք գիտեի՞նք, որ որոշակի խմիչքի, ծխախոտի խանութներ կփակվեն: Չգիտեինք: Եվ էսպես դուրս էկավ, որ մենք ուզենք-չուզենք պետք ա սեկվեստր անենք: Կամ էլ, ասենք, անցյալ տարիներին տուգանքի չափը, որ համայնքին մուծվել ա, պլանավորվել ա, չէ՞, մուծվել ա: Բայց էս տարի բանից պարզվել ա, որ մեր քաղաքացիները դառել են խիստ օրինավոր, կարգ չեն խանգարում, ապօրինի շինարարություն չեն անում և այլն, և այլն: Եվ ստացվեց նենց, որ մենք ուզենք թե չուզենք, էդ եկամտատեսակի վրա պետք ա սեկվեստրի իրավունքը կիրառենք, որպեսզի մեր բյուջեն հավասարակշիռ ըլնի ու թերակատարում չունենանք»:

Ու չնայած բյուջեի ամենամյա կրճատումներին, ինչի դինամիկան ներկայացրեց Լևոն Բարսեղյանը, այդուամենայնիվ Գյումրիի զարգացման հնգամյա ծրագրում նախատեսվում է բյուջեի ամենամյա աճ․ - «15-16 թվերն են սրանք․․․ Էս լավատեսությունը հիմնավոր էղնի, մեծ ուրախությամբ ընդունենք: Բայց հա՛մ ասում եք կրճատվում է, հա՛մ կրճատել եք փաստացի, ու՝ էս տեսակ լավատեսական սցենար»:

Ջիլավյանի արձագանքը․ - «Մենք էլի սենց ենք պլանավորելու՝ կանխատեսելով: Էլի կարող ա պատահի․․․ Ամբողջ Հայաստանը ասում ա՝ հետ էկեք, արտագաղթը դադարի, «Արի տուն»: Կարող ա պատահի Հրանուշի կանչը տեղին ըլնի, ետ գան, գան էդ խանութները էլի բացեն»:

«Գյումրիի զարգացման հնգամյա ծրագրում զարգացման հիմքեր չենք տեսնում, բարի ցանկություններ են, ո՛չ նպաստառուների, ո՛չ էլ աղքատների թիվն է կրճատվում», - հայտարարեց ավագանու ԳԱԼԱ խմբակցության անդամ Արման Գրիգորյանը: - «Սխալ կլինի սա զարգացման ծրագիր անվանելը: Կարելի անվանել ուղղակի սովորական հնգամյա ծրագիր»:

Գյումրիի բյուջեի կրճատումը և քաղաքի զարգացման հնգամյա ծրագիրը 2 հանձնաժողովներում էլ դրական եզրակացություն ստացան և ավագանու առաջիկա նիստի օրակարգ կընդգրկվեն: