Ալիևը դարձյալ հայտարարում է․ «Ադրբեջանը երբեք չի հանդուրժի երկրորդ հայկական պետության ստեղծումը»

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն ու Վրաստանի վարչապետը «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու առաջին գնացքի առաջին ուղևորներն են

Էրդողանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հատուկ ընդգծել է Բաքվի և Անկարայի միջև ռազմական ոլորտում ծավալվող  գործակցության կարևորությունը:

«Ադրբեջանը երկրորդ հայկական պետության ստեղծումն իր տարածքում երբեք չի հանդուրժի»,- այսօր Բաքվում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի ղեկավարի պնդմամբ՝ ղարաբաղյան հիմնահարցն այսօր կայացած՝ Թուրքիա-Ադրբեջան Ռազմավարական բարձրագույն համագործակցության խորհրդի նիստի քննարկման գլխավոր թեմաներից մեկն էր:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանձև է ընդունել, որոնց համաձայն՝ Հայաստանի զինված ուժերը պետք է անհապաղ կերպով և անվերապահորեն լքեն Ադրբեջանին պատկանող հողերը: Այդ բանաձևերը, սակայն, շարունակում են մնալ թղթի վրա: Հայաստանն անտեսում է դրանք և հարցը չի լուծվում»,- հայտարարում է Իլհամ Ալիևը, պնդելով, թե Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներ են կիրառվում:

«Երբեմն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կատարվում են մի քանի օրվա ընթացքում: Մեր դեպքում, սակայն, այդ բանաձևերն արդեն 20 տարի է, ինչ կյանքի չեն կոչվում: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում: Այլ լուծում գոյություն չունի»,- իր բազմիցս արտահայտած այս տեսակետը ևս մեկ անգամ կրկնել է Իլհամ Ալիևը:

Անդրադառնալով Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններին` Ադրբեջանի նախագահը հատուկ ընդգծել է Բաքվի և Անկարայի միջև ռազմական ոլորտում ծավալվող գործակցության կարևորությունը: «Այս տարի Թուրքիան և Ադրբեջանը երեք համատեղ զորավարժություն են կազմակերպել, երկուսը Բաքվում, մեկը` Նախիջևանում: Այդ գործոնն էլ ավելի է ամրապնդում մեր համագործակցությունը ռազմական ասպարեզում: Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խորացնել համագործակցությունը նաև ռազմական արդյունաբերության ոլորտում: Թուրքիայի օրեցօր զարգացող ռազմարդյունաբերական համալիրը մեզ համար լուրջ հետաքրքրության առարկա է: Մենք Թուրքիայից ռազմական նշանակության արտադրանք ենք ձեռք բերում և շարունակելու ենք դա անել»,- հայտարարել է Ալիևը:

Թուրքիայի նախագահն իր հերթին ևս նշել է՝ առաջիկա տարիներին Բաքուն և Անկարան իրենց հարաբերությունները զարգացնելու են միանգամից մի քանի ուղղություններով: Դրանցից առանցքայիններն, ըստ Էրդողանի, տրանսպորտն է և էներգետիկան: «Մոտ ապագայում կմեկնարկեն ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա: Դա ոմանց շատ է անհանգստացնում: Ժամանակին ոմանք նույնքան թերահավատորեն էին արտահայտվում «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության և դրա տնտեսական նպատակահարմարության մասին: Բայց երեկ մենք ներկա գտնվեցինք տրանսպորտային այդ ուղու բացմանը»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն Ադրբեջանի մայրաքաղաք էր ժամանել երեկ` «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Էրդողանից բացի արարողությանը ներկա են գտնվել նաև Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի վարչապետները: Նկատենք՝ Էրդողանին Ադրբեջան կատարած այցի ընթացքում ուղեկցում էին նրա քաղաքական թիմի գրեթե բոլոր ազդեցիկ անդամները: Մասնավորաբար, Բաքվում էին Էրդողանի փեսան` էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը, թուրքական ամենաազդեցիկ հատուկ ծառայության` Հետախուզական ազգային կազմակերպության` MIT-ի տնօրեն Հաքան Ֆիդանը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նախագահի աշխատակազմում մեծ ազդեցություն ունեցող՝ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը:

Թուրքիա-Ադրբեջան Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ավարտին կողմերը մի շարք փաստաթղթեր են ստորագրել: Դրանց թվում է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի տեքստը չի հրապարակվել: Թուրքիայի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարներն այսօր «Արտոնյալ առևտրի մասին փոխհամաձայնության հուշագիր» են ստորագրել, որի վերջնական նպատակը երկկողմ առևտուրը մաքսատուրքերից ազատելն է:

Անկարայում հույս ունեն, որ այդ մեխանիզմը կսկսի գործել արդեն հաջորդ տարի, ինչը թույլ կտա երկկողմ ապրանքաշրջանառության տարեկան ծավալները հասցնել 5 միլիարդ դոլարի: