Կատալոնիայի կառավարության պաշտոնանկ արված ղեկավար Կառլես Պուչդեմոնը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել բելգիական իշխանություններից և ցանկանում է վերադառնալ Կատալոնիա, եթե Մադրիդը իրեն «ինչ-որ երաշխիքներ» տրամադրի:
Կատալոնիայի նախկին առաջնորդի խոսքով՝ իսպանական դատարանը հիմքեր չունի իր և իր նախարարների դեմ հեղաշրջման փորձի հոդվածով գործ հարուցելու համար: «Եթե Իսպանիայի իշխանությունները ցանկանում են շարունակել իրենց պլանների իրագործումը բռնության օգնությամբ, ապա դա իրենց որոշումն է»,- ասել է Պուչդեմոնը:
Այսօր Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը, որը շրջանի իշխանությունների հավանությանն էր արժանացել հոկտեմբերի 27-ին: Անցած ուրբաթ Կատալոնիայի խորհրդարանը կողմ էր քվեարկել Իսպանիայի կազմից դուրս գալուն: Քվեարկությունից անմիջապես հետո Մադրիդը, կիրառելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ուղղակի կառավարում մտցրեց մարզում՝ հայտարարելով կատալոնական խորհրդարանը ցրելու մասին:
Իսպանիայի դատախազությունը սպառնում է Պուչդեմոնի և նրա գործընկերների դեմ գործեր հարուցել նաև Կատալոնիայի անկախության հռչակման օրը անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեն Մադրիդն ապօրինի է համարում: