ՊԵԿ նախագահ․ Մանրածախ առևտրում ստվերն ավելի շատ է

Ստվերի դեմ մեկամյա պայքարի արդյունքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարում է, թե անօրինական դաշտում ավելի շատ ոչ թե մեծածախ, այլ մանրածախ առևտրով զբաղվողներն են գործում:

Հարությունյանի փոխանցմամբ՝ հարկային եկամուտների 85 տոկոսն ապահովում են խոշոր ընկերությունները, մնացած 15-ն է միայն գոյանում մանր ու միջին ձեռնարկությունների վճարած հարկերից. - «Մեծածախ առևտրով ա պայմանավորված մանրածախ առևտուրը: Պայքարելով մանրածախի դեմ՝ մենք մեծածախում ենք ստվերը կրճատում նաև»:

Վարդան Հարությունյանի կարծիքով շահերի բախում չի առաջանում, երբ Կառավարությունը հարկային արտոնություններ է տվել նաև իր որդիներին պատկանող ընկերությանը:

Մամուլում հրապարակում եղավ, որ ինտենսիվ այգիներ հիմնել պատրաստվող Հարությունյանի որդիների ընկերությանը Կառավարությունն ազատել է ներկրվող ապրանքների մաքսատուրքից, նաև երեք տարով հետաձգել սահմանին գանձվելիք ավելացված արժեքի հարկի վճարումը:
ՊԵԿ նախագահը պնդեց՝ արտոնություն տրվում է այդ ոլորտի բոլոր ներդրողներին, բայց նաև խիստ վրդովվեց լրագրողների հարցերից:

«Էլ էս երկրում ներդրում չենք անի», -հայտարարեց նա: - «Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում: Պիտի չկառուցե՞ն: Էդ երկրում ապրելու իրավունք չունե՞ն»:

Հարցին, թե գյուղացիներն ինչո՞ւ նույն չեն անում, հակադարձեց․ - «Թող անեն, ո՞վ ա խանգարում»:

Կարեն Կարապետյանի հետ կառավարություն եկած Վարդան Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ներդրողները շահագրգռված են գալ Հայաստան: 2017-ին Կարապետյանը 850 միլիոն դոլարի ներդրում էր խոստացել: ՊԵԿ նախագահի պատասխանը հակիրճ էր, բայց համեմված լրագրողների հասցեին կշտամբանքով․ - «Իհարկե էկողներ կան: Հիմա էկողներին ասում եք՝ մի էկեք․․․ Ինչ ասեմ․․․ թո չգան»:

ՊԵԿ նախագահն այսօր հայտարարեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Չհերքեց, որ Ծառուկյանն իր «լավ ընկերն է»։

Ամռանը «Հայկական ժամանակը» վերլուծություն էր ներկայացրել, ըստ որի «Ալեքս տեքստիլ» ընկերության հրապարակված աշխատողների թիվը չի համապատասխանում նրանց վճարած եկամտային հարկի ծավալներին՝ եզրահանգելով, թե ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը հարկերից խուսափելու համար չի գրանցում աշխատողներին:

Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ ստուգել են, անհապատասխանություն չեն գտել:

Լրագրողներին հետաքրքրում էր նաև, թե Վարդան Հարությունյանն ինչու չի ծառայել բանակում: Այս հարցը շատ է ուրախացնում ՊԵԿ նախագահին․ - «Այ լավ տվեցիք էդ հարցը: Հիմա էդ հարցի պատասխանը տամ: Ես 1991 թվականին ընդունվել եմ ԲՈՒՀ, ավարտել եմ 96 թվականին: 96 թվականին ավարտելիս ունեցել եմ երկու որդի և ազատվել եմ բանակից: Եթե մեղք եմ գործել, ներողություն եմ խնդրում հասարակությունից»:

Խորհրդարանում այսօր շարունակվեցին 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Երկրորդ օրն անընդմեջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքի պատգամավորները քննադատում են Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացուցիչներին:
Միքայել Մելքումյանի Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացման մասին․ - «Հիմա Դուք կարո՞ղ եք ասել, սեղմած գազի գինը, ակցիզը, որ երեք անգամ ավելանում ա, հասարակական տրանսպորտի գինը ո՞նց ա փոխվելու, և ո՞նց ենք մենք կարողանալու կարգավորենք էդ սոցիալական լարվածությունը»:

Ջանջուղազյանի արձագանքը․ - «Սեղմած գազի համար որևէ բան չեմ պատասխանում»: