Բաքվում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առանձնազրույցը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողության ժամանակ, 30-ը հոկտեմբերի, 2017թ․

Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առանձնազրույցը:

Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման մասնակիցները գոհունակություն են արտահայտել «երկու երկրների միջև բոլոր բնագավառներում բարեկամական և եղբայրական կապերի հաջող զարգացման առնչությամբ», ընդգծել են Ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի 6-րդ նիստի կարևորությունը կապերի հեռանկարների որոշման և երկկողմ հարաբերությունների է՛լ ավելի խորացման տեսակետից, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նշանակությունը, որը «գլոբալ նախագիծ է», մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի մայրաքաղաքում կայացել է 900-կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի նախագահները, Վրաստանի և Ուզբեկստանի վարչապետները։