Բելառուսցի ընդդիմադիր Ստատկևիչը կրկին ձերբակալվել է

Բելառուս - Նիկոլայ Ստատկևիչը Մինսկում «Զայրացած բելառուսցիների» բողոքի ակցիայի ժամանակ, 21-ը հոկտեմբերի, 2017թ․

Երկուշաբթի օրը Մինսկում ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ (Միկալայ) Ստատկևիչը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը հայտնել է նրա կինը՝ Մարինա Ադամովիչը:

Ադամովիչի խոսքով՝ ամուսնուն ձերբակալել են ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված ակցիայի հաջորդ օրը: Ընդդիմադիր քաղաքական գործիչը պլանավորում էր այսօր ելույթ ունենալ Կիևում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստին:

Նիկոլայ Ստատկևիչը 2010 թվականի դեկտեմբերին մասնակցել է Բելառուսի նախագահական ընտրություններին, որին հաջորդած ընդդիմության հանրահավաքի ժամանակ ձերբակալվել և 2011-ի մայիսին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքով: 2015 թվականին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրան ներում է շնորհել: Վերջին երկու տարվա ընթացքում Ստատկևիչը պարբերաբար ձերբակալվում և կարճաժամկետ ազատազրկման է ենթարկվում: