Արմավիր քաղաքի մանկապարտեզում շուրջ հինգ ժամ որպես պատանդ պահված 3-ամյա երեխան վնասվածքներ չունի, վիճակը լավ է։ Այդ մասին ոստիկանության հրապարակած տեսանյութում հայտնել է 3-ամյա երեխայի հայրը:
«Կարևորը հիմա երեխաս ինձ մոտ է, շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր մասնակցեցին ու իմ երեխային ողջ-առողջ հասցրեցին ինձ», - ասել է երեխայի հայրը։
Պատանդառուն, ում անունը չի հրապարակվում, վնասազերծվել է ոստիկանության հատուկ գործողության արդյունքում, բայց փորձել է ինքն իրեն վնասել՝ դանակով հարվածելով սեփական կրծքավանդակին։ Այս հանգամանքի մասին պարզ դարձավ ավելի ուշ՝ Արմավիր բժշկական կենտրոնում։
«Պատանդառուն հիմա վիրահատարանում է, նրա կրծքի վանդակը բացվել է արդեն, հիմա վիրահատություն է կատարվում», - երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց գլխավոր բժիշկ Սամվել Խաչատրյանը՝ նշելով, որ պատանդառուն միջին տարիքի տղամարդ է։
Հիվանդանոց են տեղափոխվել նաև 3-ամյա տղան և մանկապարտեզի աշխատակցուհիներից մեկը։ Նա, ըստ բժշկի, պատանդառուի կինն է և կոկորդի ու ձեռքերի հատվածում ունի վնասվածքներ։
«Կնոջն առաջին օգնությունը ցույց է տրվել, նրա մոտ մակերեսային վերք կա պարանոցի շրջանում և կրծքավանդակի աջ կեսում։ Ջլերի վնասվածք կա՝ ձեռնաթաթերի վնասվածք՝ երկու մատների, դանակի հետքեր են», - ասաց գլխավոր բժիշկը։
Հիշեցնենք, ըստ ոստիկանության, երեկ 16.25-ին Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ:
«Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց», - հաղորդել է ոստիկանության հանրային կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Քննչական կոմիտեն երեկ ուշ երեկոյան տեղեկացրեց, որ մանկահասակ երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով՝ պատանդ վերցնելը, որը կատարվել է զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով և ակնհայտ անչափահասի նկատմամբ։
Ըստ հաղորդագրության, ենթադրյալ հանցագործն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ, ով աշխատում է նույն մանկապարտեզում։