ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ:
«Զենքի գործադրմամբ ակնհայտ անչափահաս երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (պատանդ վերցնելը, որը կատարվել է զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով և ակնհայտ անչափահասի նկատմամբ)։ Քրեական գործը վարույթ է ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից»,- հաղորդում է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ներկայացնելով Արմավիրի մանկապարտեզում տեղի ունեցած արտակարգ դեպքը՝ Քննչական կոմիտեն մանրամասնում է, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։ Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինս աշխատում է նույն մանկապարտեզում։
«Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին եւ երեխային անվնաս ազատ արձակել։ Փոքրիկը վնասվածքներ չունի»,- տեղեկացնում է Քննչական կոմիտեն։