Գրախանութների տնօրեններն «ընթերցանության աճ» են արձանագրում

Գաղտնիք չէ, որ անկախության տարիներին Խորհրդային Հայաստանից մնացած տասնյակ ու տասնյակ գրախանութներ փակվեցին: Այնուհետև թե՛ գրքերը թանկացան, թե՛ հանրության սպառման պահանջը նվազեց:

Հրատարակվող գրքերի նախկին հազարավոր տպաքանակներին եկավ փոխարինելու առավելագույնը 500-1000 օրինակ տպաքանակը, որն էլ ի վերջո ամբողջովին չի սպառվում գնորդի կողմից:

Մայրաքաղաքում նախկին մի քանի տասնյակ գրախանութների փոխարեն ներկայումս դրանց թիվը թերևս մեկ տասնյակի է հասնում, բայց ակներև է, որ վերջին տարիներին գրախանութների, գրքերի վաճառքի աշխուժությունը նշանակալիորեն աճել է:

Թերևս ավելին կարող էր լինել, եթե գրքերի գներն ավելի մատչելի լինեին: Թեև հրատարակիչներն ու գրախանութների աշխատակիցներն ասում են, որ գրքերն իրականում թանկ չեն, ուղղակի մեր քաղաքացիների վաստակն է քիչ, և բոլորը չեն, որ կարող են իրենց թույլ տալ ցանկացած գիրքը գնել: Իսկ երբ, օրինակ, «Բուկինիստ» գրավաճառ ցանցը տարվա մեջ երկու անգամ գրքի տոն է կազմակերպում և 30 տոկոսով այդ օրերին նվազեցնում գրքերի արժեքը, գրքի վաճառքը էապես ավելանում է: Ավելին՝ գրախանութի մոտ հսկայական հերթ է գոյանում:

«Բուկինիստ»-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանի փոխանցմամբ, այդ օրերին, երբ գրքերը զեղչված գներով են առաջարկվում ընթերցողին, 5 անգամ ավելի շատ գիրք է վաճառվում․ - «Մեր ծավալների աճը նշանակում է ընթերցանության աճ: Եվ վստահ ասում եմ՝ երիտասարդությունն է հիմնականում, որի համար շատ շնորհակալ ենք»:

7 տարի առաջ Սամվել Հովհաննիսյանը հիմնադրեց «Բյուրոկրատ» գրախանութը, որն այդ ժամանակվանից ի վեր դարձավ մեր մայրաքաղաքի ոչ միայն լավագույն գրախանութներից, այլև ամենաաշխույժ մշակութային կենտրոններից մեկը, որտեղ ոչ միայն գրքեր կարող ես գնել, այլև մասնակիցը դառնալ թե՛ ամենատարբեր շնորհանդեսների, թե՛ ցուցահանդեսների բացմանը ներկա գտնվել և թե՛ պարզապես մեկ գավաթ թեյ խմել գրքերի այդ աշխարհում:

«Ազատության» հետ զրույցում Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ տարիներ առաջ գրախանութ բացելու իր նախաձեռնությանը շատերն էին թերհավատությամբ վերաբերվում․ - «Էն ժամանակ բոլոր ընկերներս ծիծաղում էին, ասում էին ՝ ո՞վ ա գրախանութ բացում: Հիմա ես եմ ասում՝ իսկ դուք փաստորեն ոչ մի բան չէիք հասկանում, տեսա՞ք, որ լավ բան էր գրախանութը: Իմ հավատը և իմ ցանկությունը ավելի ուժեղ էր, քան հանգամանքները»:

Սամվել Հովհաննիսյանը նույնպես շեշտադրում է այն ուրախալի փաստը, որ գրախանութ հատկապես երիտասարդությունն է գալիս, որն այսօր, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակաշրջանում, թվում է թե, այդքան էլ գրախանութների կարիքը չպիտի ունենա:

Բայց, նրա խոսքով, երևի անհնար է առանց գրքի ու գրականոււթյան ապրելը․ նույնիսկ մեր ժամանակներում մարդիկ գրքեր են գրում, գրքեր գնում, ամենատարբեր գրականության պահանջարկ կա՝ թե՛ գիտական, թե՛տեխնիկական, թե՛ թարգմանական, թե՛ մանկական ու թե՛ հանրագիտարանային: