Միավորված Ազգերի կազմակերպության կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն այսօր ժամանել է Թեհրան` Իրանի միջուկային հավակնությունները սահմանափակող համաձայնագրի շուրջ ստեղծված կացությունը քննարկելու նպատակով:
«Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մենք կքննարկենք, թե ինչպես է ՄԱԳԱՏԷ-ն մոնիտորինգի ենթարկելու 2015-ին կնքված համաձայնագրի դրույթների կատարումը Թեհրանի կողմից», - նշել է գործակալության ղեկավարն՝ այցի մեկնարկին:
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի ուղևորությունն Իրան համընկել է Վաշինգտոնից հնչող այն պնդումներին, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մոտ ապագայում կարող է հետ կանչել ամերիկյան կողմի` 2015-ին կնքված համաձայնագրի տակ դրված ստորագրությունը:
Նշենք, որ դեռ օգոստոսին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին կոչ էր արել ՄԱԳԱՏԷ-ին ստուգել Իրանի ռազմակայանները՝ պարզելու, թե արդյո՞ք խախտվում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագրի դրույթները: