ԿԳ նախարարի նշանակած տնօրենը չի կարողանում մուտք գործել թիվ 17 հատուկ դպրոց

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան, արխիվ

Թիվ 17 հատուկ դպրոցի մի խումբ ուսուցիչներ ու ծնողներ պնդում են՝ կրթության և գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը, դեմ գնալով կոլեկտիվի կամքին, նոր տնօրեն է նշանակել՝ իր խորհրդական Բագրատ Եսայանի կնոջը:

Այսօր ասուլիս հրավիրած ծնողները, մանկավարժներն ու գործով զբաղվող փաստաբաններն ասացին՝ մրցույթի քվորումը չի ապահովվել, որովհետև կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) աշխատակիցը, ըստ նրանց, միտումնավոր չի ներկայացել, նախարարն էլ տնօրեն է նշանակել իր խորհրդականի կնոջը՝ Վերգինե Եսայանին: Տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկն էլ դատի է տվել նախարարությանը՝ պնդելով, որ այդ կառույցն օրենք է խախտել:

Գործով զբաղվող փաստաբաններից Վահագն Գասպարյանը ասաց․ - «Փաստացի մենք ունենք մի իրավիճակ, երբ օրենքի ակնհայտ խախտումով նշանակվել է Վերգինե Եսայանը տնօրեն, որը հանդիսանում է Դաշնակցության կուսակցության անդամ Բագրատ Եսայանի կինը, և նախարարը հանդիսանում է նույն կուսակցության անդամ՝ Լևոն Մկրտչյանը: Եթե չկար, էդ օրենքի պահանջը պիտի անտեսվի, միանգամից նշանակեիք, ինչի՞ եք ձևական ձևով անցկացնում մրցույթ, ընդ որում՝ չորս մրցույթների ընթացքում էլ հենց նախարարության աշխատողը չի եկել ներկայացել: Արհեստական էդ մրցույթները վիժեցնում են, գցում են մի կողմ, և էդ իրավիճակում օրենքով սահմանված կարգով նախարարը իրավունք ունի մրցույթի մասնակիցներից ընտրի իր ցանկացած անձին, որն էլ կատարվել է այս պահին»:

Ինքը Վերգինե Եսայանը ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հերքել էր լուրերը, թե իրեն տնօրեն են նշանակում միայն նախարարի խորհրդականի կինը լինելու համար, որ մրցույթը միտումնավոր է ձգձգվել, որպեսզի ինքը հասցնի հավաստագիր ձեռք բերել, և այլն: Պնդել էր՝ սա հատուկ կազմակերպված արշավ է իր դեմ, ուղղորդողն էլ նախկին տնօրենի մտերիմներն ու ազգականներն են․ - «Իրենք կարող են ասել ամեն ինչ, ինչ որ ուզում են: Ուզո՞ւմ եք՝ ես էլ ասեմ, էդ դեպքում, որ խնդրում եմ, ուսումնասիրեք՝ ովքեր են հիմնականում կազմակերպում կամ մասնակցում էդ դեմ շարժմանը՝ տնօրենի բարեկամները, ազգակցականները»:

Թիվ 17 հատուկ դպրոցի ծնող և մանկավարժ Համեստ Փիրումյանը, հատուկ մանկավարժներ Նոյեմ Խաչատրյանը և Անահիտ Անդրեասյանն ու դասվար Վասիկ Խուբլարյանն այսօր միաբերան հայտարարեցին, որ իրենք համակրում են նախկին տնօրենին, ում դուստրը՝ Հայարփի Մինասյանը, նույնպես մրցույթի հավակնորդներից մեկն է: Մանկավարժները նաև հավելեցին՝ համակրանքը կապ չունի, իրենք պահանջում են, որ ԿԳՆ-ն նոր մրցույթ հայտարարի, ու թող հաղթի նա, ով արժանի է:

«Մեր կոլեկտիվի պահանջը այն է, որ մրցույթ լինի, մրցույթով հաղթած տնօրեն գա դպրոց: Եթե մրցույթով կհաղթեր Վերգինե Եսայանը, մենք ծափահարություններով կընդունեինք», - ասացին նրանք: - «Մենք անձի՛ն դեմ չենք, մենք անօրինականության դեմ ենք, մենք նախարարության որոշմանն ենք դեմ: Ողջ կոլեկտիվն է իր բարկությունը, իր դժգոհությունը հայտնում այս անօրինականության դեմ»:

Ֆիզիկական ու զարգացման տարբեր առանձնահատկություններով 75 երեխա ունեցող դպրոցի մանկավարժներն ընդգծեցին՝ Վերգինե Եսայանը հատուկ դպրոցում աշխատելու փորձ չունի: Մանկավարժները հայտարարեցին նաև, թե իրենց սպառնացել են աշխատավարձ չվճարել, եթե շարունակեն բողոքել․ - «Մեզ վախեցնում են, որ ձեր աշխատավարձի վրա կալանք կդրվի: Զանգ զանգի վրա գալիս է՝ էլեկտրաէներգիա չի լինի, հոսանք չի լինի, ջուրը կանջատեն․․․ Մեզ կոնկրետ բառացի չի ասվել, բայց անընդհատ էլեկտրաէներգիայի համար զանգում են, զգուշացնում են, որ «եթե դուք փոխանցում չկատարեք, հոսանքը կանջատենք», «եթե փոխանցում չկատարեք, ջուրը կանջատենք», որովհետև կնիք չենք կարողանում օգտագործենք»:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն «Ազատությանն» ասաց՝ Եսայանն ունի՛ աշխատանքային անհրաժեշտ փորձ, ոչ մի կարգ էլ չի խախտվել, ու հորդորեց դժգոհներին սպասել դատարանի որոշմանը: Անդրադառնալով սպառնալիքներին, ասաց՝ դրանք «սուտ և անգրագետ» լուրեր են:

«Ի՞նչ է նշանակում՝ սպառնացել, չի կարող նման բան լինել պարզապես, դա, մեղմ ասած, անգրագիտություն է: Բանկը գումար տրամադրում է հաստատության տնօրենի ստորագրության հիման վրա, այսինքն՝ եթե չկա հաստատության տնօրենը, բանկը, բնականաբար, չի կարող ֆինանսավորում անել հաստատությանը: Իսկ այս պահին իրավական առումով տնօրենը Եսայանն է: Ամբողջ խնդիրը, այսինքն՝ իրենք արհեստական ստեղծում են նաև այդպիսի բան, որ հետո շահարկեն, որ գումար չկա, չգիտեմ, էս չկա, էն չկա», - հայտարարեց Արշակյանը:

Պնդմանը, թե դաշնակցական նախարարը փորձում է տնօրեն դարձնել իր կուսակից խորհրդականի կնոջը, նախարարության պաշտոնյան պատասխանեց՝ դժգոհները նեղսրտած են, որովհետև խախտվել է տնօրենների «ժառանգականության սկզբունքը»․ - «Նախ, էստեղ խոսքը չի գնում կոլեկտիվի մասին, էս՝ մեկ, ընդամենը էստեղ խոսքը գնում է երեք-չորս մարդու, որոնք կապված են ազգակցական կապերով նախկին տնօրենի հետ: Որովհետև հավակնորդներից մեկը նաև նախկին տնօրենի աղջիկն է, և խնդիրը կայանում է սրանում: Այսինքն՝ կոլեկտիվ ասածի, այդ երեք-չորս անձանց, որոնք հրահրում են նաև, վախի մթնոլորտ են ստեղծում կոլեկտիվում, խնդիրն այնպես է, որ այդ ժառանգականության սկզբունքը խախտվել է»:

Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց նաև, որ նախարարությունը հայտարարություն է գրել ոստիկանություն, որովհետև մի խումբ մանկավարժներ թույլ չեն տալիս նորանշանակ տնօրեն Վերգինե Եսայանին դպրոց մտնել:

Այսօր ասուլիս հրավիրած ծնողներն ու մանկավարժներն էլ ասացին՝ արգելելու են Եսայանի մուտքը դպրոց այնքան ժամանակ, մինչև ԿԳ նախարարությունը նոր մրցույթ չհայտարարի: Հավելեցին՝ որպես տնօրեն դպրոց կմտնի նա, ով կհաղթի մրցույթում: