Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Շիրակի երեք խոշորացված համայնքներում

ՏԻՄ ընտրություններ Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ

Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ կանցկացվեն Շիրակի մարզի երեք խոշորացվող համայնքներում:

Շիրակում ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերից երեքն են մասնակցում՝ Հանրապետականը, Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստան»-ը:

Ութ համայնքներ միավորող Ախուրյանի համայնքապետի աթոռի համար վեց թեկնածու է պայքարում: «Ամենահնաբնակը» Ախուրյանի գործող դաշնակցական գյուղապետ Արծրունի Իգիթյանն է, ով արդեն 21 տարի է ղեկավարում է համայնքը: Նրան սատարում է նաև Հանրապետական կուսակցությունը:

«Ազատության» հարցին՝ արդյոք Հանրապետականի աջակցության կարիքն ունե՞ր, Արծրունի Իգիթյանը արձագանքեց․ - «Ես ընդհանրապես որևիցե աջակցության․․․ ես միշտ էլ գնացել եմ մենակ, Դաշնակցության անդամ եմ եղել, Դաշնակցությունը, բնական է, միշտ էլ աջակցել է: Ինչքան շատ աջակցություն լինի՝ էնքան լավ, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Չի խանգարի»:

«Տեղական ինքնակառավարման ընտրություններին կուսակցականություն չկա՝ կա անձ, կա աշխատող ավելի շատ: Ընտրողը ավելի քիչ է առաջնորդվում կուսակցական սկզբունքներով: Տեղական ինքնակառավարման ղեկավարը անմիջապես աշխատում է ժողովրդի հետ: Էստեղ արդեն ժողովուրդը գնահատականը տալիս է անձին, աշխատողին, ոչ թե կուսակցությանը: Երբ որ կուսակցական ընտրություններ լինի, արդեն ուրիշ բան է», - ընդգծեց Ախուրյանի գյուղապետը:

Եթե նախկինում մեկ համայնքի ղեկավար է ընտրվել, հիմա ութ համայնքի բնակիչներ են ընտրելու իրեն, դա չի՞ նվազեցնում իր ընտրվելու հնարավորությունը՝ այս կապակցությամբ Իգիթյանը ասաց․ - «Որևիցե խնդիր չեմ տեսնում: Շատ լավ պատկերացնում եմ, շատ լավ գիտեմ, ես գիտեմ՝ ինչի եմ գնում»:

Այս նույն տարածքում ինքնաառաջադրվել է Բասենի հանրապետական գյուղապետ Համլետ Պետրոսյանը: «Ազատության» հարցին՝ արդյոք նեղացած չէ՞ հարազատ կուսակցությունից, որ իրեն սատարելու փոխարեն դաշնակցական թեկանածուին է սատարում, նա արձագանքեց․ - «Ինչի՞ց նեղանամ: Ես էս ժողովրդի զավակն եմ, իմ ժողովուրդն է ինձ ծնողը՝ թող իրենք ինձ ճանապարհը ցույց կտան, իսկ Հանրապետականը իմ քաղաքական գործընկերությունն է: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները էդքան էլ կուսակցականացված չեն լինելու, որովհետև էստեղ ընտրողը չի գալիս, ասում՝ թիկունքին կանգնած է էս կուսակցությունը, էն կուսակցությունը: Մարդիկ որոշում են, տեսնեն՝ որի՞ վրա կարող են ազդեցություն, ո՞րը կարող է իրենց համար աշխատանք կատարել՝ նրան էլ ընտրում են»:

Բասենի գյուղապետը վերջերս բավականին կոշտ քննադատում էր համայնքների խոշորացումը՝ ասելով, որ կառավարման մոդելը ճիշտ է ընտրված, սակայն ինքը դեմ է համայնքների սեփականություն հանդիսացող կահկարասու միավորման մեխանիզմին: Ինչ վերաբերում է իր հաղթել-չհաղթելու հնարավորությանը՝ կատակեց․ - «Որ թեկնածուի հետ էլ խոսում ես, բոլորն ասում են՝ «մենք անցած ենք», մեջների մնացածը՝ ե՛ս հնարավորություն չունեմ, մենակ ես եմ: Դրա համար էլ ասում եմ՝ Աստված գիտե ու իմ ժողովուրդը»:

«Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Կարեն Սերգոյանը մեկ տարի առաջ էր մասնակցել Ախուրյանի համայնքապետի ընտրություններին և պարտվել գործող գյուղապետին: Ախուրյանում մրցակցությունը բավականին թեժ է: Համայնքապետի թեկնածուն ասում է, որ ՏԻՄ ընտրություններին չէր մասնակցի, եթե կուսակցությունը իրեն չառաջադրեր․ - «Հոգսերը շատ են, պրոբլեմները շատ են, կուսակցությունը սատար կկանգնի մեզ բոլորիս ու իր աջակցությունով կօգնի՝ ամբողջ գյուղերին զարգացնելու համար»:

Խոշորացվող համայնքների բնակիչները դեմ են խոշորացմանը, քանի որ, ըստ նրանց, գյուղերի միջև կռիվ կընկնի: Սերգոյանը, սակայն, այդ կարծիքին չէ․ - «Կռիվ չի ընկնի, ես չեմ կարծում, որ կռիվ կընկնի, մենք թիմային մեր ընդհանուր կուսակցությունով մտնում ենք էդ պայքարի մեջ ու պատրաստ ենք բոլոր հարցերին էլ նորմալ լուծում տալու»:

Առաջադրված մյուս երեք թեկնածուները անկուսակցական են:

Նշենք, որ խոշորացվող համանքներում նաև ավագանու անդամներ են ընտրելու: Այստեղ ևս բավականին թեժ մրցակցություն է՝ 18 տեղի համար 31 թեկնածու է առաջադրվել: