Ռուսները վարորդական վկայականը դարձնում են քաղաքական լծակ

Ռուսական մամուլն անդրադառնում է Ղրղըզստանբի զարգացումներին: 27 հոկտեմբերի, 2017թ.

Մոսկվան վերստին ռուսաց լեզուն օգտագործում է որպես նախկին խորհրդային երկրների վրա ճնշում բանեցնելու միջոց․ Պետական դումայի նախագահի տեղակալ Իգոր Լեբեդևը երեկ ասել է, որ կներկայացնի օրենքի լրամշակում, ըստ որի Ղրղըզստանի քաղաքացիներին կարգելվի ղրղըզական վարորդական վկայականներով ծառայություններ մատուցել Ռուսաստանում փոխադրումների ոլորտում:

Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատների կուսակցությունը ներկայացնող Լեբեդևն այդպես իր դժգոհությունն է հայտնում այն կապակցությամբ, որ Ղրղըզստանում պատմական տոների ցանկում նոյեմբերի 7-ը և 8-ը սահմանվել են որպես «Պատմության և նախնիների հիշատակի օրեր»: Լեբեդևը համոզված է, որ ղրղըզներն այդպես իրականում նշում են Ռուսաստանի դեմ ապստամբության օրը: Նրա պնդմամբ, Ռուսաստանի Դաշնության տարածքում ղրղըզներին թույլատրել են ազգային վարորդական վկայականներով աշխատել սոսկ քաղաքական նկատառումներով, քանի որ Ղրղըզստանում ռուսերենն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ:

«Բայց հիմա մենք տեսնում ենք, որ ղրղըզներն ազգային տոն են դարձրել Ռուսաստանի դեմ ապստամբությունը, դա ծայրաստիճան անբարյացակամ որոշում է մեր երկրի հանդեպ և կարծում ենք, որ մեր արձակած թույլտվության քաղաքական դրդապատճառներն այլևս չկան: Ուստի ղրղըզների համար բացառություն անելու կարիք չկա, թող քննություն հանձնեն և ռուսական վարորդական իրավունք ստանան»,- ասել է Լեբեդևը:

Պետական դուման հուլիսին է ընդունել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքի» և Վարչական իրավախախտումների օրենսգրքի լրամշակումները, որոնցով ընձեռվել է ղրղըզական վարորդական վկայականով աշխատելու հնարավորություն:

Ընդ որում ինքը՝ նախագահ Վլադիմիր Պուտինն է հավանություն տվել փոփոխություններին, ասելով, որ ճիշտ կլինի Ռուսաստանում ճանաչել ղրղըզական վկայականներն, այնպես, ինչպես ճանաչվել են բելառուսականները:

Ղրղըզստանի նախագահի աշխատակազմն այսօր տարածել է հայտարարություն՝ Լեբեդևին կոչ անելով «որևէ մեկնաբանություն անելուց առաջ՝ ուշադիր ուսումնասիրել փաստաթուղթը»: Բիշքեքը պնդում է, որ «Պատմության և նախնիների հիշատակի օրեր» սահմանելու նպատակը նոյեմբերի 7-ին նոր իմաստ հաղորդելն է: - «Նոյեմբերի 7-ը հիմա էլ Ղրղըզստանում տոն է, իսկ 1916 թվականի իրադարձությունները դիտվում են որպես 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունը դրական ընդունելու դրդապատճառ», - ասվում է հայտարարությունում:

1916 թվականին Ռուսաստանի Կայսրության Միջին Ասիայի շրջանում, որն այն ժամանակ բաժանված էր Տուրկեստանի և Տափաստանային գեներալ-նահանգապետությունների՝ բնիկներն ազգային ապստամբություն են նախաձեռնել: Այն բռնկվել է ոչ միայն ներկայիս Ղրղըզստանի, այլև Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի տարածքում: Պատճառը՝ սոցիալական, ազգամիջյան, հողային և տնտեսական լարվածությունն ու վեճերն էին և տարածքում հաստատվող հարյուր հազարավոր ռուսների համար արտոնյալ պայմանների ստեղծումը: Ահա այս իրադարձությունների հիշատակումն են Մոսկվայում զայրույթով ըմբռնում:

Նշենք, որ ռուսները նախկինում էլ ազգային վարորդական վկայականի հարցը շահարկել են քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար:

Պետական դումայի հուլիսի 14-ի օրենքով ճանաչում են ստանում միայն ռուսերենին պաշտոնական կարգավիճակ ապահոված երկրների ազգային վարորդական վկայականները:

Փաստորեն, հազարավոր հայ վարորդներ պետք է կա՛մ զրկվեին աշխատանքից, կա՛մ վերադառնային հայրենիք, կա՛մ էլ Հայաստանը պետք է ռուսերենին տար նման կարգավիճակ:

Հայ պաշտոնյաները հավաստիացրել են, որ նման բան չի լինի, այնուամենայնիվ, Ռուսաստանի կրթության նախարարին աղուհացով, երգուպարով են դիմավորել, և հիմա քննարկվում է ռուսերենի դասավանդման հատուկ հայեցակարգ ստեղծելու հնարավորությունը: