Ոստիկանության գործողության հետևանքով վթարված մեքենայի տերը բարձրաձայնում է անարդարության մասին

Ոստիկանության գործողության հետևանքով վթարված ավտոմեքենայի սեփականատեր Նարեկ Բոցինյանն անարդար է համարում, որ քաղաքացու անվտանգությունը ստորադասվում է պաշտոնյայի անվտանգությանը։

Հոկտեմբերի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանը Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում ներկա են գտնվել դերասան Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Նարեկ Բոցինյանն ավտոմեքենան կայանած է եղել թատրոնի շենքի առջև, թույլատրելի վայրում՝ կարմիր գծերից ներս։

«Կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ին, իմ ծանոթներից մեկը նկատել է, որ մեքենան տեղափոխված է դիմացի մայթ՝ հանրային տրանսպորտի համար նախատեսված կանգառ, ու հետևի մասը վնասված է», - պատմեց նա:

Վնասված են եղել ավտոմեքենայի բեռնախցիկն ու հետնամասը, սեփականատիրոջ պնդմամբ՝ փորձ է արվել բացել վարորդի դուռը։

Վթարի հանգամանքները պարզելու համար Բոցինյանը դիմել է ոստիկանություն։ ՃՈ աշխատակիցները միայն այդ ժամանակ՝ ավտոմեքենան տեղափոխելուց երկու օր անց, բանավոր տեղեկացրել են, որ ավտոմեքենան խանգարել է նախագահի շարասյանը, այդ իսկ պատճառով այն տեղափոխել են դիմացի մայթ։

«Անկախ նրանից՝ պաշտոնյա պետք է այդտեղ գա, հարմարության կամ անվտանգության համար որոշակի միջոցառումներ պետք է իրականացվեն՝ քաղաքացու իրավունքները երկրորդ կամ երրորդ պլան չպետք է մղվի», - ասում է տուժած վարորդը: - «Գոնե տեղեկացվեր տեղափոխվելուց հետո, որ՝ Ձեր մեքենան այսինչ նպատակով տեղափոխվել է այսինք վայր»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ազատությանը» տեղեկացրին՝ նման իրավիճակները կարգավորում է Հատուկ պետական պաշտպանության ենթական անձանց անվտանգության ապահովման մասին օրենքը։ Օրենքի համաձայն անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը կարող է տեղափոխել տրանսպորտային միջոցները։ Օրենքը, սակայն, չի մանրամասնում, թե ուր պետք է տեղափոխվեն տրանսպորտային միջոցները։ Ոստիկանության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք, ինչու ավտոմեքենայի սեփականատերը չի տեղեկացվել, որ գույքը տեղափոխվում է և դիմացի մայթի փոխարեն արդյոք չկար անհրաժեշտություն մեքենան տուգանային հրապարակում պահելու։ Ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել այդ հարցերին։

«Եթե քաղաքացու սեփականությունը տեղափոխվում է պաշտոնյայի անվտանգությունը ապահովելու համար, նաև պետք է այդ գույքի անվտանգությունը իրենք փորձեն ապահովել: Ստորադասում պետք է չլինի՝ ում անվտանգությունն է առավել կարևոր», - իր հերթին մեկնաբանում է Բոցինյանը:

Ֆեյսբուքյան գրառման միջոցով քաղաքացին դիմել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանին, գրասենյակից տեղեկացրին՝ հարցին ծանոթ չեն, ավելի ուշ կարձագանքեն։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով հարցը Սահմանադրությունն է կարգավորում․ քաղաքացու սեփականության նկատմամբ է ոտնձգություն եղել և Բոցինյանը կարող է ոստիկանության դեմ հայց ներկայացնել դատարան։

«Սեփականության իրավունքը երաշխավորված է սահմանադրությամբ: Ճիշտ կանի, որ հայց ներկայացնի, որովհետև հենց ոստիկանության գործողությունների հետևանքով է, որ այդ վթարը տեղի է ունեցել», - պարզաբանեց փաստաբանը:

Նարեկ Բոցինյանը, ով նաև իրավապաշտպան է՝ նշեց, դեռ օրենսդրական դաշտն է ուսումնասիրում։ Եթե պարզվի ոստիկանությունն օրենքի խախտմամբ է գործել, պաշտպանելու է իր իրավունքները դատարանում։ Իսկ եթե օրենսդրական բաց կա, փորձելու է բարձրաձայնել նոր օրենքի անհրաժեշտության մասին։