Վիգեն Սարգսյանը «Ելք»-ի պատգամավորին մեղադրում է դասադուլ հրահրելու մեջ

Վիգեն Սարգսյան, «Եռաբլուր» զինվորական պանթեոն, 27-ը հոկտեմբերի, 2017 թ․

Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պատասխանելով լրագրողների հարցերին՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին մեղադրել է ուսանողներին «ակտիվորեն» դասադուլի դրդելու մեջ: Սարգսյանի խոսքով՝ ինքն այդ մասին տեղեկացել է ուսանողների հետ ունեցած իր զրույցների արդյունքում:

Պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրինագծի հետ կապված մի շարք հարցերի:

Անդրադառնալով պնդումներին, որ շատերը, օգտվելով օրենսդրական սողանցքներից, իրենց երեխաներին ազատում են զինվորական ծառայությունից, Սարգսյանն ասել է՝ այս պահին նման միջադեպերով բազմաթիվ քրեական գործեր են հարուցված, թեև դա «ոչ պաշտպանության նախարարության գործն է, ոչ էլ ձեռքբերումը»: «Բայց մեր կողմից պատվերը շատ հստակ է, այդ գործերը պետք է քննվեն մինչև վերջ, և մեղավորները պետք է պատիժ կրեն: Մենք պետք է ստեղծենք այնպիսի վիճակ, որ բժշկական ոլորտում ևս սողանցքները փակվեն»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է պաշտոնյաների կողմից թույլ տրվող նման չարաշահումներին, Սարգսյանի խոսքով, ինքն այդ առնչությամբ առաջարկել է որոշ լուծումներ: «Այդ թվում՝ հայտարարագրելը, թե ինքը [պաշտոնյան] և իր ընտանիքի անդամները զինվորական ծառայության նկատմամբ իրենց պարտավորությունը կատարե՞լ են, թե ոչ, ունե՞ն տարկետում, թե՞ ունեն ազատում: Ես կարծում եմ՝ այս բոլորը կոմպլեքս միջոցառումներ են, որոնք ժամանակի մեջ անպայման իրենց ազդեցությունը թողնելու են»,- ասել է պաշտպանության նախարարը՝ ԶԼՄ-ներին կոչ անելով ամեն ինչ անել՝ հանրությանը բանակից խուսափողների մասին տեղեկություններ հաղորդելու համար:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ միշտ եղել և լինելու են մարդիկ, ովքեր իրենց անձնական, ընտանեկան երջանկությունն ավելի բարձր են դասում պետական, համազգային շահից: «Եթե հայրենիքը սիրենք միայն հեռվից, հիանալով մեր վանքերով և տարին մեկ անգամ երեխաներին այստեղ մկրտելով, դա էլ է հայրենասիրության տեսակ երևի: Ես ընդհանրապես շատ հանդուրժող եմ և մարդկանց չեմ դատում: Ամեն մարդ ապրում է այնպես, ինչպես ուզում է: Ես համարում եմ, որ մի ժողովրդի համար, որը հազարամյակների միջով քայլել է առանց պետականության և ձեռք է բերել պետականություն, ամոթ է տղային երկրից փախցնելը՝ բանակում չծառայելու համար»,- նշել է Վիգեն Սարգսյանը: