Պետդումայի փոխխոսնակն առաջարկում է ղրղըզներին արգելել Ռուսաստանում աշխատել ազգային վարորդական իրավունքներով

Իգոր Լեբեդև, արխիվ

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը երեկ հայտարարել է, թե ուրբաթ օրը ներկայացնելու է փոփոխություններ համապատասխան օրենքում, որոնցով Ղրղըզստանի քաղաքացիներին կարգելվի Ռուսաստանի տարածքում փոխադրումների ոլորտում աշխատել ազգային վարորդական իրավունքներով:

Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը ղրղըզստանցիներին թույլ է տվել երկրի տարածքում աշխատել ազգային վարորդական իրավունքով միայն քաղաքական նկատառումներից ելնելով, քանի որ Ղրղըզստանում ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի: «Այժմ մենք տեսնում ենք, որ ղրղըզները ազգային տոն են դարձրել Ռուսաստանի դեմ Ղրղըզստանի ապստամբության օրը: Մենք համարում ենք որ դա մեր երկրի հանդեպ ծայրահեղ ոչ-բարեկամական քայլ է: Այժմ թող ղրղըզները քննություն հանձնեն և ռուսական նմուշի վարորդական վկայական ստանան», - Լեբեդևի խոսքերն է փոխանցում ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:

Այս տարվա հուլիսից, Պետդումայի ընդունած օրենքի համաձայն, Ղրղըզստանի, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել նաև հայկական վարորդական իրավունքները: