«Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը ուղիղ կապ ունի մեր պետականության կայացման հետ». Արամ Սարգսյան

«Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը ուղիղ կապ ունի մեր պետության, պետականության կայացման հետ, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Հայաստանի նախկին վարչապետ, «Ելք» խորհրդարանական խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Հոկտեմբերի 27»-ից 18 տարի անց էլ անձնական վշտի զգացողություն կա նաև քաղաքական առումով, պետությանը և Հայաստանի քաղաքական դաշտին տված խորն ու անդառնալի կորստի զգացում կա, իսկ չբացահայտվածությունը տանում է նաև կասկածների՝ ներսում հակառակորդներ և թշնամիներ ման գալու դաշտ, ինչը շատ-շատ վատ է։ Բազմաթիվ անգամներ ես ասել եմ, որ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը ուղիղ կապ ունի մեր պետության, պետականության կայացման հետ», - լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։

Հարցին, թե այսօր իշխանության մեջ կա՞ն մարդիկ, ովքեր կապ ունեն այդ ոճրագործության հետ, Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Մեղքը պետք է որոշի դատարանը։ Հակառակ դեպքում՝ հանրությունը, հասարակությունն արդեն հետևություն արել է, մեղավորներին գտել է ու ինձ էլ ասում է՝ «որ ուժեղ տղա լինեիր, պիտի դնեիր ու ճակատից գյուլլեիր»: Ես էդ մոտեցման կողմնակիցը չեմ, որովհետև պետության ու պետականության հիմնական բաղադրիչը նա է, որ մեղավորին ու անմեղին որոշում է դատարանը։ Եվ այս առումով կան հարցեր, շատ-շատ հարցեր, որ այս իշխանությունները տալու են, բայց այդ հարցերը պետք է տա դատարանը»։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003-ի դեկտեմբերին դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: