ԵՄ․ Հայաստանի հետ համաձայնագիրը միանշանակ ստորագրվելու է Բրյուսելի ԱԳ գագաթնաժողովում

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հան, արխիվ

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը հինգշաբթի օրը Տալլինում:

Պատասխանելով Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մասնակցող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին, որն առնչվում էր փաստաթղթի ստորագրման հարցով Հայաստանում առկա որոշակի մտավախություններին, Հանը հայտարարել է․ - «Ուզում եմ սկզբից ևեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, և գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է: Դրա շուրջ որևէ քննարկում չկա»:

Հանձնակատարն ընդգծել է, որ առաջին անգամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրը նման համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ, և սա կարող է օրինակ ծառայել նաև մյուսների համար:

«Ի դեպ՝ այն ազդակները, որ ես ստացել եմ նաև հարևաններից՝ նրանք դրա հետ խնդիր չունեն, կամ առնվազն՝ ընդունում են այս համաձայնագիրը: Սա կարևոր է, քանի որ առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրվում Եվրասիական միության անդամ պետության հետ, և դա ցույց է տալիս, որ հնարավոր է լինել Եվրասիական միության անդամ, և միևնույն ժամանակ՝ հեռուն գնացող համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Սա ապացուցում է, որ համակեցությունը հնարավոր է», - նշել է նա:

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, իր հերթին, իր ֆեյսբուքյան էջում այսօր հաստատել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, և այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: