Ո՛չ Ասադը, ո՛չ նրա ընտանիքի անդամները Սիրիայում ապագա չունեն. Ռեքս Թիլերսոն

Սիրիայում ո՛չ Ասադը, ո՛չ նրա ընտանիքի անդամներն ապագա չունեն, Ժնևում երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

«Միացյալ Նահանգներն ուզում է, որ Սիրիան լինի միասնական և Ասադը Սիրիայում չունենա որևէ դերակատարություն», - ասել է Թիլերսոնը և հավելել. - «Ասադի կառավարումը մոտենում է ավարտին։ Միակ հարցը՝ ինչպես դա կազմակերպել»։

Թիլերսոնը երեկ նաև հայտարարել է, որ Սիրիայում ռուսական զինված ուժերի գործողություններն արդյունավետ են։

Հարցին, թե համաձա՞յն է արդյոք եվրոպացի այն դիվանագետների հետ, ովքեր հայտարարում են, թե Իրանը հաջողություններ է արձանագրել Սիրիայում, Թիլերսոնը պատասխանել է. - «Իրանը սիրիական շրջանները ծայրահեղականներից և ահաբեկիչներից ազատելու գործում լուրջ հաջողություններ չի ունեցել։ Արդյունավետ գործում է Ռուսաստանի կառավարությունը, որն աջակցում է Ասադի ռեժիմին։ Ռուսական օդուժը որոշակի հաջողություններ ունի Սիրիայում»։

Թիլերսոնը հավելել է, որ Սիրիայում արդյունավետ են գործում նաև Միացյալ Նահանգներն ու կոալիցիայի գործընկերները։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ահաբեկիչների և գրոհայինների դեմ պատերազմական գործողությունները Սիրիայում ավարտին են մոտենում։

Հավելենք նաև, որ ամերիկյան «Սուլֆան գրուպ» ընկերությունը երեկ տվյալներ էր հրապարակել, որոնց համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում շատ են ռուսաստանցիները՝ շուրջ երեքուկես հազար մարդ։

Սիրիայում ռազմական գործողություններ սկսելիս, հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հիմնական խնդիրներից է ոչնչացնել ահաբեկիչներին հենց Սիրիայի տարածում և թույլ չտալ, որ այդ ահաբեկիչները վերադառնան ԱՊՀ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան։