«Թեղուտ» ընկերությունը հերքում է, թե դանիական EKF-ից վարկային միջոցնել է ստացել

Այսօր տարածած հայտարարության մեջ ընկերությունը նշում է, որ այդ պատճառով չի կարող չի կարող մեկնաբանել դանիական կազմակերպության հայտարարությունը՝ հայկական հանքարդյունաբերական նախագծից իր վարկային միջոցները դուրս բերելու մասին:

Թեղուտի հանքավայրի շահագործմամբ զբաղվող ընկերությունը հերքում է, թե դանիական պետական արտահանման վարկավորման գործակալության՝ EKF-ի կողմից վարկային միջոցնել է ստացել:

Այսօր տարածած հայտարարության մեջ ընկերությունը նշում է, որ այդ պատճառով չի կարող չի կարող մեկնաբանել դանիական կազմակերպության հայտարարությունը՝ հայկական հանքարդյունաբերական նախագծից իր վարկային միջոցները դուրս բերելու մասին:

«Ավելին, EKF կազմակերպության հետ ունեցած հարաբերությունների շրջանակներում Ընկերությունը չի ստացել նաև դրանք խզելու վերաբերյալ որևէ պաշտոնական ծանուցում», - ասված է «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության հայտարարությունում։

Անցած շաբաթ Դանիայի «Արտահանումների վարկավորման գործակալությունը» իր կայքում հրապարակել էր պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ «Սիվիլնեթի» հրավիրյալ լրագրող Բենեդիկտ վան դեն Բումը հետաքննական հոդված էր հրապարակել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մասին, ապա թեմայի հետաքննությունը «Սիվիլնեթի» հետ շարունակել էին նաև դանիացի լրագրողները: Դանիական մամուլում Թեղուտի հանքավայրի մասին՝ աղտոտված բնության լուսանկարներով ուղեկցվող հոդվածների շարք էր հրապարակվել:

Իր պաշտոնական հաղորդագրության մեջ դանիական Արտահանումների վարկավորման գործակալությունը՝ նշում է, որ վարկավորումը դադարեցնում են «Վալլեքս» ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելու պատճառով:

Այսօր «Վալլեքսին» պատկանող թեղուտ ընկերությունից նշում են, որ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփական և ՎՏԲ խմբից ներգրավված վարկային միջոցների հաշվին։ Լրացուցիչ պարզաբանումների համար «Վալլեքս» ընկերությունից հորդորեցին գրավոր հարցեր ուղարկել:

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ լևոն գալստյանը հիշեցնում է, որ դանիական ընկերությունը թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը ֆինանսավորում էր ՎՏԲ միջոցով․ - ««Թեղուտ» ընկերությունը շատ պարզունակ մանիպուլյացիայով է զբաղվում էս պահին, քանի որ դանիական էդ կազմակերպությունները վարկը տրամադրել էին ՎՏԲ բանկին, որպեսզի դրա միջոցով ֆինանսավորվի Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը և «Վալլեքս գրուպը»: Եվ դանիական երկու կազմակերպությունների պաշտոնական հաղորդագրության մեջ դա հստակ նշված է: Նաև նշված է, որ իրենք բազմիցս զգուշացրել են ընկերությանը համապատասխան խախտումները վերացնելու համար, և վերջնական ուլտիմատումից հետո իրենք որոշել են իրենց վարկը հետ կանչել»:

Թեղուտ ընկերությունը իր հայտարարության մեջ նաև նշում է, որ պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործելիս մշտապես միջոցներ է ձեռնարկել անվտանգության, բնապահպանական կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ, բնապահպանական համապատասխան հավաստագրեր է ստացել:

Լևոն Գալստյանը հավաստագրերին չի հավատում․ - «Դրանք ուղղակի հորինված բաներ են, որոնք որ տարբեր ծրագրեր իրականացնելու հիմք ընդամենը կարող են հանդիսանալ: Բայց իրականում ինչ է կատարվում բնության, ջրերի, բնական միջավայրի, անտառների, մարդկանց առողջության և մնացած խնդիրների հետ կապված, մենք բոլորս շատ լավ տեսել ենք, շատ լավ գիտենք, և բազմաթիվ անգամ ահազանգվել է»:

Լևոն Գալստյանն ասում է, թե իրենք հույս ունեն, որ այս պատմությունը նաև նախադեպ կդառնա և կնպաստի, որ նոր մետաղական հանքավայրեր Հայաստանում չբացվեն․ - «Ես նախադեպը, կարծում եմ, շարունակություն կունենա, և մենք էլ, որպես քաղաքացիական խումբ՝ Հայկական բնապահպանական ճակատը շարունակելու է էս ուղղությամբ իր գործունեությունը, քանի որ մենք համարում ենք, որ ոչ մի նոր մետաղական հանքավայր չպետք է շահագործվի Հայաստանում, որովհետև դա մեր բնակելի կենսատարածքների ոչնչացման է բերելու և ջրերի աղտոտման է բերելու վերջնական»:

Հայկական բնապահպանական ճակատը այժմ հատուկ նամակ է պատրաստում և դիմելու է կառավարությանը, որպեսզի հանքարդյունաբերող ընկերությունում ստուգումներ իրականացվեն․ - «Լրջագույն ստուգումներ անցկացնել և զրկել էս ընկերության բոլոր տեսակի իրավունքներից: Կզրկեն թե չեն զրկի, դա փաստի երրորդ կողմն է, բայց մենք փաստը ամեն դեպքում պետք է արձանագրենք, որպեսզի հետագայում մենք ունենանք նաև այլ ատյաններում էդ փաստերը ներկայացնելու [հնարավորություն]»:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր նշել է, որ հիմքեր չունեն չհավատալու դանիական ընկերության պաշտոնական հայտարարությանը: Նախարարի խոսքով՝ իրենք այժմ ուսումնասիրում են խնդիրը․ - «Առաջիկայում ավելի հստակ նաև գործողությունները կներկայացվեն: Մասնավորապես, թե՛ գնահատականը, թե՛ շրջակա միջավայրի փորձաքննությունը անցած նախագծով առաջնորդվելու մասով: Նաև, բնականաբար, բոլոր հրապարակումների ուսումնասիրությունների հիման վրա՝ արդեն գործողությունների մեր հաջորդականությունը»: