«Դիլիջան ազգային պարկում» վագոն-տնակի հրկիզման գործով ձերբակալվել է երեք, կալանավորվել՝ մեկ անձ

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս մեկ անձ՝ «Դիլիջան ազգային պարկի» տարածքում վագոն-տնակի հրկիզման կասկածանքով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, հոկտեմբերի 13-ի երեկոյան մի խումբ անձինք հարձակվել էին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:

Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած, այդ թվում՝ անշարժ հենակետը հրկիզած անձանց ինքնության վերաբերյալ: Հոկտեմբերի 26-ի դրությամբ, քրեական գործի շրջանակում երեք անձ ներգրավվել է որպես կասկածյալ, նրանցից երկուսը ձերբակալվել են՝ հրկիզելու եղանակով ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու, մեկը՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով: Եվս մեկ անձի հոկտեմբերի 19-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից», և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: