Արտակ Զաքարյան․ «Լարվածությունը Ժնևի հետ կապելը բոլորովին տեղին չէ»

Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումից հետո ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության աճը նախագահների հանդիպման արդյունքների հետ կապ չունի, խնդիրը Ադրբեջանի ներսում է, այսօր «Ազատությանն» ասաց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

«Լարվածությունը Ժնևի հետ կապել բոլորովին տեղին չէ: Լարվածությունը պարբերաբար սահմանին միշտ նկատելի է եղել, դա պայմանավորված է մի հանգամանքով, որ՝ Ադրբեջանի ներսում չեն հաշտվում այն իրականության հետ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի և միևնույն ժամանակ, ենթադրում եմ՝ դա նաև որոշակի հնարավորություն է Ադրբեջանի ներսում ինչ-որ խնդիրներ լուծելու», - նշեց Զաքարյանը:

Չնայած տասն օր առաջ Ժնևում Ադրբեջանի նախագահ Ալիևին հանդիպելուց հետո Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ կա պայմանավորվածություն՝ առաջնագծում զոհերից խուսափելուն ուղղված քայլեր կատարելու շուրջ, այդուհանդերձ, հանդիպումից ընդամենը երեք օր անց ղարաբաղյան սահմանին ադրբեջանական կրակոցից զինվոր սպանվեց: Դրանից հետո հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը երկու անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ: Երկու օր առաջ էլ Ղարաբաղի Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարեց՝ հնարավոր է սահմանին աստիճանաբար լարվածության աճ լինի: Ադրբեջանն իր հերթին հայտնել է հրադադարի խախտման հետևանքով իր զինվորի մահվան մասին:

Ինչու՞ լարվածության թուլացման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրականություն չդարձավ, այսօր Կառավարության նիստից հետո հարցրինք փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին:

«Ադրբեջանին վրդովվեցրել է այն, որ հայտարարվել է շատ պարզ բան՝ որ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դրա շուրջ Ադրբեջանում սկսվել է վայնասուն: Սակայն, երբ Բաքուն հարցականի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Արցախի Հանրապետության անկախությունը, ինքը ձևացնում է, որ մոռացել է, որ նույն հիմքով անկախացել են թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե՛ Ադրբեջանը», - մեկնաբանեց փոխնախարարը:

Ժնևյան հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայերի հետ հանդիպմանն ասել էր, որ Հայաստանի համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Դրանից հետո պաշտոնական Բաքուն պնդեց, թե Հայաստանի նախագահը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչին էլ հաջորդեց սահմանային լարվածության աճը: Երկու օր առաջ Հայաստանի նախագահը զարմանք հայտնեց, թե ինչն է զայրացրել ադրբեջանական կողմին: - «Մենք երկուսով ենք խոսել, և եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել», - հայտարարել էր նախագահը:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ այսօր պնդեց, որ հայկական կողմը որևէ պայմանավորվածություն չի խախտել: - «Հայաստանը ոչինչ չի խախտել, և երբեք ոչինչ չի խախտել», - պնդեց Զաքարյանը:

Պաշտպանության նախարարություն երկու օր առաջ ունեցած ելույթում նախագահ Սարգսյանը նաև պնդել էր՝ «կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում, երկուսին էլ մենք պատրաստ ենք»:

Արդյո՞ք սահմանին կրակոցների աճը նշանակում է բանակցություններից հրաժարում, այսօր հարց ուղղեցինք փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: - «Երկու հայկական կողմն էլ միշտ հակված են բանակցությունների, բայց եթե քո հակառակորդը քեզ պարտադրում է՝ կա՛մ, ասում է, ամեն ինչ՝ ինչպես ես եմ ուզում, կա՛մ պատերազմ՝ բնական է, տեղի տալ չի կարելի»:

Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը: Վերջինս Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական նշան է համարել՝ ընդգծելով․- «Միացյալ Նահանգները շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին՝ այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները»:

Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների և այլ պայմանավորվածությունների շուրջ համաձայնություններ էին ձեռք բերվել, դրանց մասին Ժնևյան հանդիպումից հետո արված հայտարարություններում խոսք չկար: