ԵՄ-Հայաստան համաձայնագիրը պետք չէ տոնածառ դարձնել. Աշոտյան

ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին վերաբերող քննարկմանը բոլոր մասնակիցներին այսօր մեկ հարց էր հուզում՝ ստորագրվելո՞ւ է արդյոք փաստաթուղթը, թե՞ ոչ։

Լռությունը խախտեց «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը՝ Հանրապետական Արմեն Աշոտյանին հորդորեց բացել գաղտնիքը․ - «Որպես գաղտնիքներին տեղյակ մարդ, կարող է ասել՝ հիմա ստորագրման որ փուլում ենք,արդյոք այդ շահարկումները ճի՞շտ են, թե՞ ոչ, ստորագրվելո՞ւ է, թե՞ ոչ»:

Քննարկման մյուս մասնակիցները միացան Մարուքյանի կոչին, իսկ Աշոտյանն ասաց, որ թեև արձագանքելը գայթակղիչ կլիներ, բայց ինքը դիվանագիտորեն կշրջանցի հարցը: Փոխարենը խոստացավ ելույթում ակնարկներ անել։ Խոսքի վերջում Աշոտյանը ամեն ինչ ֆուտբոլային լեզվով բացատրեց․ - «Շատ կարևոր է, որ խաղալ խաղը մինչև եզրափակիչ սուլոցը: Որը կտրվի նոյեմբերի 24-ին»:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է, որ ԵՄ-ն ու Հայաստանը կստորագրեն Համափարպակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահը կոչ է անում չգերագնահատել ԵՄ - Հայաստան նոր համաձայնագիրը։ Աշոտյանի խոսքով` փաստաթուղթը կարևոր է, բայց փորձ է արվում այն տոնածառ դարձնել․ - «Գեղեցիկ է ստորագրվելիք փաստաթուղթը և կարևոր է, բայց ավելորդ լուսավորություն, փայլեր և բան հաղորդելը, Christmas Tree սարքելը նույնպես, կարծում եմ, ճիշտ չէ: Որովհետև մեծացնում ենք նաև ակնկալիքները մեզանով, որոնք հետո չեն բավարարվելու, և ասենք՝ եվրոպական ուղղությունը տապալվեց»:

Եվրամիության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ընթացող քննարկման ժամանակ Աշոտյանը հայտարարեց, որ համաձայնագրի ստորագրումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրամիության համար, քանի որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում Եվրամիությանը «հաջողության պատմություն» է պետք․ - «Օրինակ, տարածաշրջանում Վրաստանի կողքին Եվրամիությանը պետք է նաև մեկ այլ վստահելի գործընկեր: Այլ բազմաթիվ հիմնավորումներ կան»:

Քննարկմանը ներկա «Ելք» դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե համաձայնագիրը չստորագրվի, ապա արդեն կարևոր չի լինի, թե դրանում ով է մեղավոր: Նա կողմերին կոչ արեց հաղթահարել խոչընդոտները, եթե այդպիսիք կան, այլապես նախորդ պատմության կրկնությունը խայտառակություն կլինի․ - «Հայաստանի իշխանությունները, բնականաբար, իրենց ունեցած պարտավորությունների շրջանակներում, այն նվազագույնն է, որ կարող են անել: Նաև դա է պատճառը, որ մենք ասում ենք՝ նվազագույնը չանելու որևէ արդարացում, մեր կողմից, որպես ընդդիմադիր ուժի, ապագայում ընդունելի չի լինելու»:

Արմեն Աշոտյանը այսօր նաև գաղտնիք բացեց․ ասաց, որ նոյեմբերի 24-ին, համաձայնագրի ստորագրման ժամանակ, երկու կողմերը ամրագրելու են նաև, որ այս գործընթացը երրորդ կողմի դեմ չէ։

Հանրապետականի փոխնախագահը կոչ արեց Եվրամիության հետ ստորագրվելիք փաստաթուղթը չհակադրել Հայաստանի Եվրասիական միության անդամակցությանը։ Նրա պնդմամբ, սա քաղաքական շահերի համադրման արդյունք է, ոչ թե հակադրման փորձ․ - «Մենք կանգնած չենք և չենք կանգնում այս ստորագրմամբ խաչմերուկի առջև, մենք կամուրջ ենք արևելյան և արևմտյան երկրների դաշինքների, եվրոպական և եվրասիական դաշինքների միջև: Այս տեսակետից վնասակար եմ համարում հակադրման կոնտեքստում խնդրի քննարկումները»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ մինչև ստորագրումը համաձայնագրի հրապարակումը արմատական փոփոխություններ մտցրեց, քանի որ ի տարբերություն ասոցացման համաձայնագրի, այս անգամ փաստաթուղթը բաց է, և շահարկումներ չեն կարող լինել։

Փաստաթուղթը ուսումնասիրած փորձագետն ասում է, որ այն ուժեղացնում է Հայաստանի պարտավորությունները և նպատակ ունի բոլոր ոլորտներում սահմանել եվրոպական ստանդարտներ․ - «Համաձայնագիրը թույլ է տալիս և բացում է եվրոպական ընդարձակ տարածությունը, թույլ է տալիս Հայաստանին օգտագործել մի շարք կարևորագույն գործիքներ տնտեսության, գիտության, կրթության, սոցիալական և բոլոր ոլորտներում: Հետևաբար իսկապես այս համաձայնագիրը ես պիտի համարեմ հավակնոտ»:

Քննարկմանը նաև կարևորվեց փաստաթղթում Ղարաբաղյան խնդրին անդրադարձը, որտեղ ասվում է, որ լուծումը պետք է լինի բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սա, ըստ ներկաների, անվտանգության հավելյալ երաշխիք է։