Կիևում պայթյունից 2 մարդ է սպանվել, վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ Ռադայի պատգամավոր․ ԼՐԱՑՎԱԾ

Ուկրաինա - Ոստիկանները զննում են պայթյունի վայրը, Կիև, 25 հոկտեմբերի, 2017թ.

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունից, վերջին տվյալներով, սպանվել է երկու և վիրավորվել է հինգ մարդ:

Վիրավորների թվում է արմատական կուսակցությունից Գերագույն ռադա ընտրված ազգայնական պատգամավոր Իգոր Մոսիյչուկը:

Ականված մոտոցիկլետը պայթեցվել է այն պահին, երբ Մոսիյչուկը և ևս մի քանի մարդ դուրս են եկել Կիևի Սոլոմյանսկի շրջանում գտնվող «Էսպրեսո» հեռուստաընկերության շենքից:

Հարուցվել է քրեական գործ կազմակերպված հանցավոր խմբի կողմից ահաբեկչական գործողություն իրականացնելու հոդվածով:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սպանվածներից մեկը Մոսիյչուկի 30-ամյա թիկնապահն էր՝ հատուկ նշանակության ստորաբաժանման սպա, մյուսը՝ պատահմամբ այդ վայրում հայտնված մի 36-ամյա տղամարդ:

Արմատական կուսակցությունը պայթյունն անվանել է «Մոսիյչուկի մասնագիտական գործունեության հետ կապված սպանության փորձ»: