Իրանը «վնասակար և ապակառուցողական» ազդեցություն է թողնում տարածաշրջանի վրա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդատու Հերբերթ ՄըքՄասթերը հեռուստահարցազրույցի ժամանակ: Նա նշել է, թե տեսնում է Իրանի ազդեցությունը տարածաշրջանի բոլոր հակամարտությունների վրա:
«Դժվար է պատկերացնել տևական խաղաղություն, երբ մի կողմի շարունակական բռնությունը չի դադարում», - ասել է Մըքմասթերը:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նույնպես անդրադարձել է Իրանի խնդրին՝ Նյու Դելիում: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի «ապակառուցողական գործողությունների դեմ են», այլ ոչ թե Իրանի ժողովրդի կամ օրինական բիզնես գործունեություն ծավալող այլ երկրների դեմ:
«Քանի որ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ պատժամիջոցներ կիրառելու ռեժիմի դեմ, մեր նպատակն է կանխել ֆինանսավորումը՝ չարամիտ վարքագծի հետ կապված գործողությունները կասեցնելու համար», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոշտ քաղաքականություն է վարում Իրանի հարցում՝ սպառնալով հետ կանգնել 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից: