«Եթե այսպես շարունակվի, ապա հասարակական կազմակերպությունները Թուրքիայում ո՛չ բաց, ո՛չ էլ փակ ժողովներ կկարողանան անցկացնել», - իր պաշտպանական խոսքում հայտարարել է թուրք իրավապաշտպան Օզլեմ Դալքըրանը այսօր Ստամբուլում մեկնարկած Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստների գործով դատավարության ժամանակ:
Չաղլայան արդարադատության պալատում այսօր մեկնարկել են հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում թվային անվտանգության և տեղեկատվության կառավարման թեմայով սեմինարի ժամանակ ձերբակալված 11 իրավապաշտպանների գործով առաջին լսումները:
Միջազգային հանրության և մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող դատական նիստից առաջ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Amnesty International իրավապաշտպան կառույցի Եվրոպայի գծով տնօրեն Ջոն Դալհուսենը և Գերմանիայի գրասենյակի տնօրեն Մարկուս Բեկոն, ինչպես նաև մի շարք ակտիվիստներ, իրավաբաններ հավաքվել են դատարանի շենքի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելով իրավապաշտպանների ձերբակալության առիթով:
Հուլիսին ձերբակալված իրավապաշտպաններից 9-ը կալանավորված են, որոնց թվում են նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները և Շվեդիայի քաղաքացի Ալի Գարավին: Նրանք մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորմանը օժանդակելու», իսկ Amnesty International-ի Թուրքիայի մասնաճյուղի նախագահ Թաներ Քըլըչը՝ «զինված ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեջ»: Այս մեղադրանքների համար թուրքական դատախազությունը համապատասխանաբար 10 և 15 տարվա ազատազրկում է պահանջում:
Այսօրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Դալքըրանը, չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքները, դրանք բոլորովին անհիմն է համարել:
«Կյանքս նվիրել եմ ճշմարտության բացահայտմանը, արդարության հաստատմանը, իրավունքին և ազատություններին: Տարիներ շարունակ արշավներ եմ անցկացրել զենքի և զինման դեմ: Հիմա մեղադրվում եմ զինված խմբավորմանը աջակցելու մեջ: Երբեք չեմ ընդունի այս մեղադրանքը, պահանջում եմ ինձ ազատ արձակել», - իր պաշտպանական խոսքում հայտարարել է Դալքըրանը:
Նա ընդգծել է, որ հուլիսին տեղի ունեցած միջոցառումը, որի ժամանակ էլ ոստիկանությունը ձերբակալել է իրեն և գործընկերներին, ամենևին գաղտնի չի եղել:
Ամբաստանյալներից գերմանացի Պիտեր Շտոյդները ելույթի ժամանակ ներկայացնելով իր իրավապաշտպան գործունեությունը, իրեն հասցեագրված մեղադրանքները անհիմն է համարել:
«Մի շարք ապացույցներ հորինված են, դրանք կապ չունեն մեղադրականի հետ: Պահանջում եմ ինձ արդարացնել», - հայտարարել է Շդոյնդները ընդգծելով՝ թե պետություններն ու կառավարությունները պարտավոր են պաշտպանել մարդկանց իրավունքները:
Այսօր Բեռլինում մի շարք ակտիվիստներ բողոքի ցույց են կազմակերպել Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ թուրքական իշխանություններից պահանջելով ազատ արձակել իրավապաշտպաններին:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ևս թուրքական իշխանություններին բազմիցս կոչ է արել ազատ արձակել կալանավորված ակտիվիստներին՝ սուր քննադատություն հնչեցնելով պաշտոնական Անկարայի հասցեին: