Երևանում ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը

Եվրասիական տնտեսական միության անդամ 5 երկրների վարչապետերն այսօր մասնակցեցին Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Երևանին հարակից «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում կայացան խորհրդի նախ նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը:

Օրակարգում էին եվրասիական տարածքում վարորդական իրավունքների ընդհանուր կանոնների, նավթի, գազի ընդհանուր շուկա ստեղծելու և այլ հարցեր, լրագրողներին հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ, ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Օրակարգի բոլոր հարցերը քննարկվել են և ընդունվել են համապատասխան որոշումներ», - նշեց Հայաստանի նախկին վարչապետը՝ շարունակելով․ - «Շատերին հետաքրքրում է վարորդական իրավունքների հետ կապված հարցը և այդ կապակցությամբ համակարգային մոտեցումը հետևյալն է․ մենք նախապատրաստելու ենք համաձայնագիր ընդհանուր կանոնների մասին, որովհետև վարորդական իրավունքների հարցում տեղի են ունենալու հիմքային փոփոխություններ, կապված նրա հետ, որ ստեղծվում են նոր տեսակի մեքենաներ, որոնց վերաբերյալ վարորդները պետք է նոր գիտելիքներ ունենան: Քննարկվել է նաև նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկա ստեղծելու հարցը: Քննարկել ենք, թե ինչպես է տեղի ունենալու նավթի, գազի տեղափոխումը, որպեսզի այդ ոլորտներում բնական մոնոպոլիաների առկայությամբ ստեղծենք հավասար մրցակցային պայմաններ, ինչպես նաև ստեղծենք մեխանիզմներ, թե ինչպես են նավթն ու գազը վաճառվելու երրորդ երկրներ և արդյոք հնարավոր կլինի գների ընդհանուր քաղաքականություն վարել: Քննարկվել է նաև շաքարի ընդհանուր շուկա ձևավորելու հարցը»:

Խորհրդի նեղ կազմով հանդիպումը, որ փակ էր լրատվամիջոցների համար տևեց շուրջ երկու ժամ, դրանից հետո ընդլայնված կազմով նիստին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ էլեկտրոնային համակարգերի ներդրման կարևորությանը, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:

«Մեզ համար, հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը, տրանսպորտային ու կոմունիկացիոն հարցերն առավել քան արդիական են: Ակնկալում ենք, որ ճանապարհային քարտեզի իրագործումը կնպաստի մեր պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը», - հայաստարարեց Հայաստանի վարչապետը:

Օրեր առաջ ԵՏՄ անդամ Ղրղըզստանի նախկին նախագահը մեղադրել էր Ղազախստանի իշխանություններին հանրության միջոցները մսխելու մեջ, ինչից հետո ղազախական սահմանին լուրջ խոչընդոտներ էին ստեղծվել քաղաքացիների ու բեռների տեղափոխման համար: ԵՏՄ-ի անդամ երկու պետությունների միջև լարվածությունն արտահայտվեց նաև այսօրվա նիստում: Ղրղըզստանի նորանշանակ վարչապետը մեղադրեց Ղազախստանին պարտավորությունները չկատարելու մեջ:

«Պե՞տք է արդյոք լինեն այս խնդիրները, համապատասխանո՞ւմ է արդյոք դա մեր գործընկերության ոգուն, այն համաձայնագրին, որ մենք կնքել ենք: Ո՛չ, չի համապատասխանում», - հարց բարձրացրեց Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովը:

Ղազախստանի վարչապետն էլ, վիճակագրական տվյալներ ներկայացնելով, պնդեց, որ ղրղըզական կողմը թերանում է սահմանին վերահսկողության ու փաստաթղթավորման հարցում, ինչն էլ բերել է ղազախական կողմից հավելյալ ստուգումների անհրաժեշտության:

Նիստի արդյունքում ստորագրվեցին տարբեր ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող փաստաթղթեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թթ. սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրի ճանապարհային քարտեզի մասին կարգադրությունը, «Ապրանքների տեղաշարժի վերահսկողության ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների հարցի մասին» հանձնարարականը և այլն:

Այսօր նաև որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում: