ԱՄՆ-ում այժմ էլ հանրապետականներն են ռուսների հետ կապերի շուրջ պարզաբանումներ ակնկալում դեմոկրատներից

2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում Մոսկվայի հետ գործարքի մեջ մեղադրվող հանրապետականները այժմ պնդում են, թե հենց դեմոկրատները պետք է ռուսների հետ կասկածելի գործարքների շուրջ որոշ պարզաբանումներ տան:

Հանրապետականները ամերիկյան Կոնգրեսում նոր հետաքննություն են սկսել նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք Ռուսաստանի հետ կնքված գործարքի շուրջ, որով «Ռոսատոմ» պետական ընկերությունը գնել է Նահանգներին մատակարարվող ուրանի 20 տոկոսը ապահովող կանադական ընկերությունը:

Ամերիկյան մամուլը գրում է, որ գործարքն ուղեկցվել է կոռուպցիոն դրվագներով, ռուսական կողմը կաշառքներ է բաժանել Նահանգներում՝ ընդհուպ քաղաքական վերնախավին:

Հանրապետական օրենսդիրները պահանջում են պարզել, թե արդյոք Հետաքննությունների դաշնային բյուրոն ու իրավապահ մյուս մարմինները մանրազնին ուսումնասիրել են վաճառքը, մինչ վարչակազմը դրան հավանություն է տվել 2010 թվականին, և եթե հետաքննություն անցկացվել է, ինչու Կոնգրեսն այդ մասին չի տեղեկացվել:

Ամերիկյան The Hill պարբերականը գրում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ձեռքի տակ գտնվող որոշ փաստաթղթերի համաձայն՝ ատոմային էներգետիկային առնչություն ունեցող ռուսաստանցի մի խումբ պաշտոնյաներ մի քանի միլիոն դոլար են նվիրաբերել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի բարեգործական հիմնադրամին հենց այն ժամանակահատվածում, երբ Հիլարի Քլինթոնը զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը և փորձում էր օգնել, որպեսզի համապատասխան գերատեսչությունները Մոսկվայի համար նպատավոր որոշում կայացնեն:

Նախագահ Դոնալդ Թրամփը այս գործարքի մասին խոսում է դեռևս անցյալ տարվանից՝ մեղադրանքների սլաքն ուղղելով դեպի նախագահական ընտրություններում իր մրցակից Հիլարի Քլինթոնը: Անցած շաբաթ Թրամփը կրկին հայտարարել է, թե լրատվամիջոցները անտեսում են տվյալ թեման՝ կենտրոնանալով միայն իր նախընտրական շտաբի և ռուսների միջև կայացած շփումների վրա: «Սա է հենց ռուսներին վերաբերող իրական պատմությունը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ խաբեություն որակելով մեղադրանքները ռուսների ու իր աջակիցների միջև հնարավոր գործարքի վերաբերյալ:

Դեմոկրատները, սակայն, պնդում են, որ ուրանի գործարքի կնքման ժամանակ որևէ խախտում չի եղել, և այն չի հակասել Նահանգների ազգային անվտանգությանը:

Երկուշաբթի օրը հարցին անդրադառնալով C-Span հեռուստաընկերության եթերում՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կրկին հայտարարել է, թե այդ խոսակցությունները հորինված են և նպատակ ունեն շեղել ուշադրությունը Թրամփի շրջապատի և ռուսների միջև կապերի շուրջ հետաքննությունից: «Որքան մոտ է հետաքննությունը Թրամփի շրջապատի և ռուսների միջև իսկապես գոյություն ունեցող կապերի շուրջ, այդքան նրանք փորձում են խառնաշփոթ առաջացնել ամեն ինչում և բոլորի վրա ցեխ շպրտել», - ասել է Քլինթոնը:

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը, մինչդեռ, Fox-ի եթերում հակադարձել է՝ ռուսների հետ կապեր պետք է փնտրել մյուս կողմում: «Եթե ցանկանում եք ռուսների հետ կապեր գտնել, ապա երկար փնտրելու կարիք չկա՝ նայեք դեմոկրատներին և կտեսնեք, որ դրանք Քլինթոնի թիմում են», - ասել է Սպիտակ տան խոսնակը:

Ուրանի վիճահարույց գործարքի հարցով հանրապետականները դիմել են Արդարադատության նախարարությանը՝ պահանջելով հատուկ դատախազ նշանակել: «Այժմ արդեն դեմոկրատները պետք է որոշ բացատրություններ տան», - հայտարարել է Հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովի նախագահ Ռոնա ՄըքԴենիելը տարածած հայտարարությամբ: «Հուսով եմ, որ նրանք կհամագործակցեն քննչական մարմինների հետ և անկեղծ կլինեն ամերիկյան ժողովրդի հետ», - ասել է հանրապետական գործիչը: