Բողոքի ցույց ԱԺ շենքի դիմաց՝ տարկետման իրավունքը սահմանափակելու ՊՆ նախաձեռնության դեմ

Ազգային ժողովի շենքի դիմաց մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում։

Ցույցի մասնակիցները դեմ են ​խորհրդարանում այս պահին ​քննարկվող Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին նոր օրենքի նախագծին, որն Ազգային ժողով է բերել Պաշտպանության նախարարությունը։

«Մեր մոտավոր հաշվարկներով՝ ամեն տարի ասպիրանտուրա ընդունվում է 140 ուսանող, ու եթե տարկետումը ընդհանրապես չլինի, այդ 140 ուսանողը զրկվում է գիտությամբ զբաղվելու հնարավորությունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ շարունակելով. - «Բոլորս էլ գիտենք՝ ովքեր գնում են ու վերադառնում են բանակից, էլ չեն էլ ուզում սովորել»։

Ուսանողները պահանջում են հանդիպում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կամ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որևէ ներկայացուցչի հետ։

Հիշեցնենք, ըստ նոր օրինագծի՝ ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ: Ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։

Մանրամասներն՝ ավելի ուշ