«Ես չեմ կարծում, որ եթե ես 18 տարեկանում զորակոչվեի, ես իմ հետագա ուսումը կդադարեցնեի», - այսօր Ազգային ժողովում Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին նոր օրենքի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե չի կարծում, որ եթե նա 18 տարեկանից «գնար ծառայության և այդ երեք բուհը չավարտեր, հնարավոր է, որ այդ փայլուն կարիեարան չաներ»։
Նախարարը շեշտեց՝ կրթությունն իրենց ընտանիքում ավանդույթ է եղել։
«Իմ ողջ ընտանիքում, բոլորն՝ իմ տատերից, պապերից սկսած, իմ հեռու և մոտիկ ազգականները, բոլորն ունեն առնվազն մեկ բարձրագույն կրթություն, և մեր ընտանիքում դա ավանդույթ է եղել, ես միշտ համարել եմ, որ բարձրագույն կրթությունը դա պարտադիր էլեմենտ է մարդու կայացման», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Եվ վստահ եմ, որ եթե նույնիսկ 18 տարեկանում զորակոչվեի, անպայման հետո կշարունակեի ուսումս։ Չգիտեմ փայլուն կարիերա ասելով ի՞նչ եք հասկանում, բայց վստահ եմ, որ ձեռք կբերեի գիտելիքների այն պաշարը, որն ինձ թույլ կտար կյանքում ինչ-որ բան անել և փոխել իմ շուրջ»։
Նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են։
Հիշեցնենք, ըստ նոր օրինագծի՝ ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ: Ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։
Պաշտպանության նախարարության այս նոր նախաձեռնությունը բանավեճերի տեղիք է տվել. օրենքին դեմ արտահայտվողները նշում են, որ այն ուղիղ հարված է կրթության զարգացմանը։