Սաակաշվիլին աջակիցներին կոչ է անում պաշտպանել իրեն Պորոշենկոյից

Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում է լրագրողների հետ, Կիև, 24-ը հոկտեմբերի, 2017թ․

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր աջակիցներին կոչ է արել պաշտպանել իրեն Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյից։

«Պորոշենկոն ցանկանում է ինձ արտահանձնել», - հայտարարել է Սաակաշվիլին երեկ հեռարձակված տեսաուղերձում։

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ երկրի միգրացիոն գործակալությունը մերժել է Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակ տալու խնդրանքը։ «Քանի որ նա քաղաքացիություն չունեցող անձ է, ապա ոչինչ չի խանգարում նրան արտահանձնել», - ասել է Լուցենկոն Սաակաշվիլիի փաստաբանին։

Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլին այս տարվա հուլիսին զրկվել է Ուկրաինայի, ավելի վաղ էլ՝ Վրաստանի քաղաքացիությունից: Նախկին նախագահին արտահանձնելու պահանջով դիմել է Վրաստանը, որտեղ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված:

Անցած շաբաթվանից Ուկրաինայի մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր ուժեր՝ Սաակաշվիլիի հետ, բողոքի ցույցեր են անցկացնում Գերագույն ռադայի շենքի մոտ՝ նախագահի հրաժարականի ու քաղաքական ընդարձակ բարեփոխումների պահանջով: