Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը սուր քննադատության է ենթարկում Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին նոր օրենքի նախագիծը, զգուշացնելով՝ այն մեծ վնաս է հասցնելու կրթությանն ու Զինված ուժերին, մասնավորապես, նոր օրենքի արդյունքում, ըստ նախկին փոխնախարարի, բանակ են զորակոչվելու կրթություն չստացած երիտասարդները։
Նախկին փոխնախարարը նաև շեշտում է՝ բանակից խուսափողների հարցն այս օրինագծով չի լուծվելու։
«Ազատություն». - Ձեր գլխավոր մտահոգությունն այս նոր օրինագծի հետ կապված ո՞րն է։
Քոչարյան. - Ես կարծում եմ, որ սա կբերի նրան, որ մեր ավագ դպրոցը, որ այդպես էլ չի կայացել, կարելի է համարել անմիջապես ոչնչացված, որովհետև այսօր ավագ դպրոց գնացող երեխաներն առանց այդ էլ որոշակի որակյալ կրթություն չեն ստանում, կրթություն ստանում են այն երեխաները, որոնց ծնողներն այնուամենայնիվ շարունակում են երեխաներին տալ կրկնուսույցների մոտ՝ պարապելու։ Երբ այս օրինագիծը կմտնի ուժի մեջ, դրա իմաստը կկորի, շահագրգռվածությունը կվերանա, ավագ դպրոցում սովորողները նույնիսկ չեն գնա լրացուցիչ պարապելու, որպեսզի բուհ ընդունվեն, այստեղ շատ վտանգների առաջ ենք կանգնած, իսկ նրանք, ովքեր կարևորում են երեխայի կրթությունը 14 տարեկանից, գուցե ավելի շուտ, արդեն կմտածեն երեխաներին տեղափոխեն այնպիսի վայր, որտեղ նրանք հնարավորություն կունենան ուսումը շարունակելու։ Իսկ բանակից վերադարձած երեխան չի նստելու պարապի, որպեսզի բուհ ընդունվի։ Մենք այդտեղ կունենանք մտավոր այնպիսի անկում, որի տակից տասնամյակներով դուրս չենք գա։
«Ազատություն». - Դուք միանշանակ սխա՞լ եք համարում տարկետման վերացումը։
Քոչարյան. - Միանշանակ, բոլորին պետք է տալ տարկետում, բայց տարկետումը չի նշանակում բանակից խուսափել։ Կոռուպցիոն ռիսկերը ոչ թե այդ սահմանափակ քանակությամբ երեխաներին ծառայության պարտադիր տանելու մեջ է, այլ նաև երեխաներին, թե որտեղ են ծառայում։ Այստեղ առաջնագծի խնդիր գոյություն ունի՝ երեխաների մի զգալի մասը գնում են առաջնագիծ, և նրանց կյանքի ապահովման վտանգները շատ ավելի ռիսկային են։ Պետք է առաջնահերթ արդիականացման շրջանակում փոխենք հենց առաջնագծի կառուցվածքը և անձնակազմի տարիքային ցենզը։ Առաջնագծից 18 տարեկաններին պետք է իջեցնել, նրանց պատրաստել պատերազմի, իսկ 18 տարեկաններին անմիջապես տանել պատերազմ, ինքներս էլ տեսնում ենք, թե ինչպիսի ցավալի կորուստներ ենք ունենում, ընդ որում՝ անդառնալի։
«Իշխող կուսակցությունը երբեք չի հայտարարել կուսակցության ներսում կադրային փոփոխություններ իրականացնելու մտադրության մասին»
«Ազատություն». - Երեկ Սերժ Սարգսյանը բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, թե խնդիր է դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: «Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը», - ասել է նախագահը։ Սա հեռացո՞ղ գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարություն է, ով յոթնամյա ծրագիր մշակելու հանձնարարական է տալիս երկու ամսվա ընթացքում։
Քոչարյան. - Կարծում եմ, որ ոչ, իշխող կուսակցությունը երբեք չի ասել, որ իրենք մտադիր են իրենց կուսակցությունում իրականացնել կադրային փոփոխություններ։ Կյանքը ցույց կտա, ապրիլը մոտ է, թե ինչ որոշում կկայացնեն, իսկ առաջարկն՝ արդիականացման մասին, բնականաբար, ես կարող եմ ասել, որ դա պետք էր շատ վաղուց արվեր, որովհետև արդիականացումն այսօր բանակի առջև կանգնած հրատապ խնդիրներից կարևորագույնն է, և նույնիսկ կարող եմ ասել, որ մենք ինչ-որ տեղ ուշացել ենք՝ անընդհատ գտնվելով մարտունակ բանակի ստվերի տակ։ Մենք մարտունակ բանակ կարգախոսն 94-ից սկսած անընդհատ պահեցինք մեր ձեռքում և դա մեզ ոնց որ թե կաշկանդեց, հնարավորություն չտվեց լրացուցիչ անընդհատ զարգացման մասին մտածելու, և անցյալ տարվա ապրիլը լուրջ շեշտադրումներ դրեց բոլորի առջև, և կարծում եմ, որ այսօրվա իշխող կուսակցության առջև, և իրենք գուցեև հնարավոր է, որ գիտակցել են, որ վաղվա պատերազմը, եթե պատրաստ չլինենք, կջնջվի ամեն ինչ, դա մեր պետականության վերջը կլինի։ Կրթությունը և բանակը պետք է այնպիսի մի ձևաչափ գտնել, նույն արդիականացման շրջանակներում, որը մեր բանակի որակական փոփոխությանը կարող է հանգեցնել։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.