Խորհրդարանն ավարտեց պաշտպանության մասին օրինագծի քննարկումն առաջին ընթերցմամբ

Խորհրդարանն այսօր ավարտեց պաշտպանության մասին օրինագծի քննարկումն առաջին ընթերցմամբ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նոր Սահմանադրության պահանջով մշակել են պաշտպանության ոլորտը կարգավորող նոր փաստաթուղթ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ Ազգային ժողովը անմասն է մնում Զինված ուժերի գլխավոր շտաբի ձևավորումից, որի պետը՝ Զինված ուժերի անմիջական հրամանատարը, զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է: Նախագահն է՝ վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, այդ թվում և գլխավոր շտաբի պետին: Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է այս մոդելը պահպանվել, եթե պետությունը խորհրդարանական կառավարման մոդելին է անցում կատարել:

«Գլխավոր շտաբների պետերի հասցեին անընդհատ հնչել են կոռուպցիայի մեղադրանքներ, անընդհատ որոշակի սկանդալային իրավիճակներ, և ես չեմ կարծում, թե այստեղ անձնական խնդիր կա: Այստեղ մենք ինստիտուցիոնալ հակակշիռների շատ էական պակաս ունենք», - նշեց պատգամավորը: - «Ես չեմ ասում, թե պետք է խախտել զինված ուժերի միանձնյա կառավարման, ղեկավարման սկզբունքը, բայց չի կարող այսպես լինել, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի ձևավորման, կառավարման սկզբունքներ հարցը, մանավանդ խորհրդարանական կառավարման անցնելու մոդելի պարագայում, լինի վարչապետ, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, կներեք արտահայտությանս համար, «մեժդուսաբոյչիկի» խնդիր»:

Փաշինյանը կարծիք հայտնեց՝ խնդրահարույց է զինված ուժերի քաղաքացիական վերահսկողությունը: Ինչպե՞ս կարող է պաշտպանության նախարարը չեզոքություն ապահովել, եթե կուսակցական է․ - «Գլխավոր շտաբի նշանակման պրոցեսում է, որ մենք պետք է դնենք մեխանիզմներ՝ զինված ուժերի քաղաքական չեզոքությունը ապահովելու համար: Նկատի ունեմ, որ, օրինակ, Զինված ուժերի գլխավոր շտաբը կամ շտաբի մի մասը պետք է նշանակվի խորհրդարանի կողմից»:

Վիգեն Սարգսյանն արձագանքեց․ - «Ձեր մտահոգությունը ավելորդ է, որովհետև նախ՝ չեզոքության մասին հոդված կա օրենքում, որը շատ հստակ ասում է, որ զինված ուժերը չեզոք են քաղաքական խնդիրներում»:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, հիշեցրեց․ - «Նախկինում էլ մենք՝ Սահմանադրության մեջ էլ, օրենքի մեջ էլ գրած ունեցել ենք զինված ուժերի քաղաքական չեզոքության և զսպվածության մասին, բայց մենք ունեցել ենք զինված ուժերի շատ կոնկրետ ներգրավվում քաղաքական պրոցեսների մեջ»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ խորհրդարանին վերապահել գլխավոր շտաբի նշանակումը, Վիգեն Սարգսյանն ասաց՝ սա պետք է քննարկվեր Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, այժմ՝ այս օրենքով, հնարավոր չէ հարցը կարգավորել․ - «Նույնիսկ եթե մենք շատ ուզենք դա անել՝ այս օրենքով դա հնարավոր չի լինի անել, և խնդիրը այստեղ ոչ թե դժոխքի կամ դրախտի, այլ ընդամենը սահմանադրական իրավունքի դաշտից է»:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց՝ կոլեգիալությունն այս դեպքում ճիշտ չէ․ - «Այդտեղ հրամաններ են տրվում և հրամանները անվերապահ կատարվում են: Դա հայտնի՝ կենտրոնացված և միասնական ղեկավարումը զինվորական գործի գլխավոր այբուբենն է»:

«Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը բարձրացրեց բանակի կարիքների համար տեղական արտադրողներին նախապատվություն տալու հարցը՝ օրինագծով նման մրցակցային առավելություն տեղական արտադրողին չի տրվում:

«Դուք ասացիք, պարոն նախարար, որ եթե երկու հավասար առաջարկ կա, Դուք չեք կարող տեղականից գնել: Ես չեմ հասկանում՝ ինչու, ճիշտն ասած՝ զարմացա: Այսինքն, եթե մեկը Բրազիլիայից ինչ-որ բան է առաջարկում, և մենք ունենք տեղական արտադրող: Ինչո՞ւ չենք կարող տեղական արտադրողից գնել»:

Վիգեն Սարգսյանն արձագանքեց․ - «Պետք է ուրախացնեմ բոլոր պատգամավորներին՝ հայրենական արտադրանքը գերակշիռ մեծամասնություն է կազմում այդ գնումներում և դա որպես քաղաքականություն՝ համընկնում է ընդդիմության և իշխող կուսակցության մոտեցումների առումով: Ամեն ինչ, ինչ հնարավոր է գնել հայրենական արտադրողից, պետք է գնել հայրենական արտադրողից՝ մրցակցային պայմանները հաշվի առնելով»: