Լույս է տեսել Շել Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» հանրահայտ գրքի հայերեն թարգմանությունը

«Արևիկ» հրատարակչությունը Լիլիթ Բոյամյանի թարգմանությամբ հայերեն լույս է ընծայել ամերիկյան հանրահայտ մանկագիր, ծաղրանկարիչ, մուլտիպլիկատոր, երգահան Շել Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» խորագրով գիրքը՝ հեղինակի նկարազարդումներով:

Սա մի պատմություն է անձնվեր, անշահախնդիր սիրո մասին, որ կարող է ուղեկցել մարդուն մանուկ հասակից մինչև խոր ծերություն: Հենց այդ պատճառով էլ այս գիրքը նախատեսված է 1-99 տարեկանների համար: «Դու երջանիկս ես, երբ կարող ես սիրածդ մարդու համար անշահախնդիր, անձնվեր կերպով ցանկացած բան անել»:

Գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ «Բյուրոկրատ» գրախանութում, ներկա էր նաև Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը: Եվ մինչ գիրքը ներկայացնելով՝ թե՛ Արևիկ հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը, թե՛ գրքի թարգմանչուհին՝ Լիլիթ Բոյամյանը շեշտում էին, որ 1964 թվականից առաջին հրատարակությունից ի վեր այս գիրքը բեսթսելեր է դարձել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև տասնյակ ու տասնյակ այլ երկրներում, որտեղ թարգմանաբար հրատարակվել է վերջին 50 տարիների ընթացքում, ընդծում, թե որքան հուզիչ ու տպավորիչ է այն, և ամեն անգամ կարդալիս ընթերցողն ակամա կարող է արտասվել՝ Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզն ասաց, որ ինքը նույնպես մանուկ հասակից մինչև օրս միշտ մեծ հաճույքով է կարդացել այս գիրքը և արտասվել, իսկ հիմա էլ իր զարմիկների համար է հաճախ կարդում․ - «Յուրաքանչյուր ոք, ով կարդում է այս գիրքը, թե՛ մեծերը, թե՛ փոքրերը, պիտի մտածի, իսկ ով է իր կյանքում իր անձնվեր ծառը: Կարող է և ծառը լինել,կարող է և իր մայրը, հայրը, կամ հորեղբայրն ու հորաքույրը, լինել, խնդիրն այն է , որ հասկանաս, թե ով է այն մարդը, որ անշահախնդիր սիրում է քեզ ողջ կյանքում»:

«Ով էլ էս գիրքը կարդա, սիրահարվելու է գրքին: Գուցե աշխարհում ավելի լավ գրքել էլ կան, ամեն մեկը իր համար մի 10-20 գիրք ունի, բայց երբ որ այս փոքրիկ գրքի հետ ծանոթանում ես, սիրահարվում ես անմիջապես», - ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը:

Ուշագրավ է, որ ամերիկյան հեղինակի այս գիրքը հայ ընթերցողին է ներկայացրել մեր լավագույն բանաստեղծներից Հրաչյա Հովհաննիսյանի ընտանիքը․ նրա դուստրը՝ վերջին 25 տարիներին Միացյալ Նահանգներում բնակվող Լիլիթ Բոյամյանն է թարգմանել այս ստեղծագործությունը, այն հրատարակել է նրա որդու՝ Դավիթ Հովհաննեսի հիմնադրած «Արևիկ» հրատարակչությունը, որի տնօրենը թոռնուհին է՝ Սաբեթ Հովհաննիսյանը:

Վերջինս շեշտեց․ - «Ես սրան անվանեցի դասական բեսթսելլեր:Շատ մեծ պահանջարկ ունեցող գիրք է, և կարևոր չէ, որ գրել է աֆրիկացի մի գրող, կամ ամերիկյան մի գրող, կամ հայ մի գրող: Սա պատմություն է հայի համար, վրացու համար, աֆրիկացու համար․․․ և գրել է մի հիասքանչ մարդ»:

Թարգմանչուհու Լիլիթ Բոյամյանի խոսքով, բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել գիրքը տպագրելու համար՝ հատկապես հեղինակային իրավունքների հետ կապված, բայց այս ամենը հաղթահարել են․ - «Եվ հիմա արդեն գիրքը սեղանին է: Եվ ծառը երջանիկ էր ու մենք երջանիկ ենք: Պարզագույն իմաստություն պարունակող մի գիրք, որ աշխարհի բոլոր փիլիսոփաները անդրադարձել են, որ կյանքը հարատև չի, որ ժամանակը անցնում է, նյութական ոչ մի բան էական չի: Եվ այդ բոլորի հովանոց գաղափարը՝ որ սերը անշահախնդիր է»: