Մեդվեդև-Կարապետյան բանակցություններ․ Հայաստան մատակարարվող ռուսական գազը չի թանկանա

Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերի միջև այսօր Երևանում կայացած բանակցությունների արդյունքում ռուսական կողմը հայտարարեց առանցքային նշանակություն ունեցող արդյունքի մասին՝ Հայաստանի հետ սահմանին ռուսական գազը չի թանկանա և ողջ 2018թ․ ընթացքում «Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմին» հազար խորանարդ մետրի համար կշարունակի վճարել 150 ԱՄՆ դոլար:

«Որոշում է կայացվել, որը հավանաբար առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար․․․ որոշումը հետևյալն է՝ 2018թ․ ընթացքում պահպանել [գազի] հատուկ գինը Հայաստանի համար, չնայած մինչ այդ մենք պայմանավորվել էինք փոքր-ինչ այլ չափանիշների մասին», - բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի վարչապետը: - «Կարծում եմ՝ սա կնպաստի Հայաստանի ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը»:

Մեդվեդևը գին չնշեց: Գնի մասին հայտարարեց «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ով, ի դեպ, մոտ կես ժամ շուտ ժամանեց Հայաստանի վարչապետի նստավայր, և իր նախկին ենթակայի՝ «Գազպրոմի» գլխավոր տնօրենի արդեն նախկին տեղակալ Կարեն Կարապետյանի հետ քննարկումների մեջ էր, մինչև կգար Դմիտրի Մեդվեդևը:

«Այսօր բանակցությունների ժամանակ քննարկվել են 2018թ․ գազի մատակարարման պայմանները, և ընդունված որոշումը, ըստ որի Հայաստանի համար գինը կպահպանվի, նշանակում է, որ ռուսաստանյան գազի գինը Հայաստանի համար կկազմի 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց», - հայտարարեց «Գազպրոմի» գլխավոր տնօրենը:

Միաժամանակ, Միլլերը հույս հայտնեց, որ այս տարի Հայաստան մատակարարվող ռուսաստանյան գազի ծավալները կաճեն ու կկազմեն 2.1 միլիարդ խորանարդ մետր:

Հայաստանը գազ է ներկրում երկու երկրից՝ Ռուսաստանից և Իրանից: Անցած տարիներին Իրանից ներկրվող գազի ծավալներն, ըստ էության, պակասեցվել են՝ հօգուտ ռուսական գազի: Եթե 2012 թվականին իրանական գազի չափաբաժինը ներկրված գազի ընդհանուր քանակության մեջ 19,8 տոկոս էր, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 16,6 տոկոս: Իրանական գազը Հայաստանի բնակչությանը, ձեռնարկություններին չի հասնում: «Գազ-էլեկտրաէներգիա» գործարքի շրջանակում այն Երևանի ՋԷԿ-ում վերածվում է էլեկտրաէներգիայի, որի մի մասը փոխանցվում է Իրանին:

Եթե Հայաստանի սահմանին ռուսաստանյան գազի հազար խորանարդ մետրի գինը 150 դոլար է, ապա բնակարաններում մենք վճարում ենք մոտ երկու անգամ ավելի: Ընդ որում, սահմանից մինչև մեր բնակարաններ գազը հասցնում է 2013թ․-ից ամբողջովին «Գազպրոմին» պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Հետևաբար, սահմանին գազի գինը թողնելով անփոփոխ՝ «Գազպրոմը» իր համար է անփոփոխ թողնում գինը:

Թե սահմանին ռուսաստանյան գազի գնի անփոփոխ մնալը արդյոք նշանակու՞մ է, որ գինը չի բարձրանա նաև հայաստանյան բնակիչների, ձեռնարկությունների համար, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Հայաստանի վարչապետերը չմանրամասնեցին:

Ի դեպ, Կարեն Կարապետյանը, ով մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնելը, շուրջ հինգ տարի Մոսկվայում աշխատում էր «Գազպրոմի» տարբեր կառույցներում, այսօր որոշեց Երևանում հայաստանյան հանրության առջև հանդես գալ ռուսերենով, թեև Մեդվեդևի հետ հանդիպումը երկկողմ էր, իսկ Հայաստանի պետական լեզուն, ինչպես հայտնի է, հայերենն է: Թարգմանիչը վարչապետի ռուսերենը թարգմանում էր հայերեն: Մեդվեդևի հետ հանդիպումից Կարապետյանից փորձեցինք ճշտել, թե ինչու խուսափեց հանդես գալ Հայաստանի պետական լեզվով: Նա չպատասխանեց և լուռ հեռացավ: