Պորոշենկոն արձագանքում է ցույցերին․ Ուկրաինայում արտահերթ ընտրություններ չեն լինելու

Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին զրուցում է Գերագույն ռադայի շենքի մոտ հավաքված ցուցարարների հետ, Կիև, 17-ը հոկտեմբերի, 2017թ․

Ուկրաինայում արտահերթ ընտրություններ չեն լինելու, այսօր հայտարարել է նախագահ Պետրո Պորոշենկոն՝ արձագանքելով արդեն ութերորդ օրը խորհրդարանի շենքի մոտ շարունակվող բողոքի ցույցերին:

«Նախագահական ու խորհրդարանական հաջորդ ընտրություններին մնացել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ, և ինչպես ես արդեն ասել եմ ամիսներ առաջ՝ ոչ մի արտահերթ ընտրություն չի լինելու: Այս ժամանակահատվածը մենք պետք է առավելագույնս օգտագործենք՝ բարեփոխումներ իրականացնելու համար», - պնդել է երկրի նախագահը:

Անցած շաբաթվանից մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր ուժեր՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, շուրջօրյա նստացույց են անցկացնում Գերագույն ռադայի շենքի մոտ՝ նախագահի հրաժարականի ու քաղաքական ընդարձակ բարեփոխումների պահանջով: Ցուցարարները կոչ են անում չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը, բարեփոխել Ընտրական օրենսգիրքն ու ստեղծել հակակոռուպցիոն դատարան: Պաշտոնական Կիևը, մինչդեռ, պնդում է, թե վերջիններս զինված հեղաշրջում են նախապատրաստում՝ արտերկրից ստացած ֆինանսավորմամբ: Օրեր առաջ այդ մասին հայտարարել էր Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը, այսօր՝ գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:

«Խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը չի նշանակում, թե մի քանի հարյուր մարդ կարող են զինված հեղաշրջում նախապատրաստել: Իրենց ներկայացնելով որպես արդարության մարտիկներ՝ այդ մարդիկ պահանջում են, որ իշխանությունն անի միայն այն, ինչ իրենք են ծրագրել՝ դրսի ֆինանսավորմամբ: Ուժային մեթոդներով, զենք-զինամթերք ձեռք բերելով՝ նրանք փորձում են իրենց կամքը պարտադրել կառավարությանը, ինչը, հավատացնում եմ, չի ստացվելու», - ասել է Լուցենկոն:

Ընդդիմությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքները: «Լուցենկոյի յուրաքանչյու բառ կեղտոտ սուտ է»,- գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքյան իր էջում, հավելելով՝ այդպիսի հայտարարություններ մենք բազմիցս ենք լսել Պուտինից ու նախկին Խորհրդային միության նրա համախոհներից:

Ավելին, Օդեսայի նախկին նահանգապետ, այժմ Պորոշենկոյի մոլի ընդդիմախոս Միխեիլ Սաակաշվիլին պնդում է՝ իշխանությունները մարդու իրավունքներն ու օրենքները խախտելով՝ երկրից վտարում են իր աջակիցներին: Նախօրեին, մասնավորապես, հաղորդվեց, թե ավելի վաղ Ուկրաինայում ապրելու իրավունք ստացած երեք վրացիներ արտաքսվել են երկրից՝ առանց որևէ բացատրություն ստանալու:

«Այդ մարդիկ որևէ դատական ընթացակարգով չեն անցնել, նրանց որևէ մեղադրանք չի ներկայացվել, արտաքսման որևէ հիմնավորում չի տրվել: Այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե օրինական ակտի, այլ պարզ, հասարակ բանդիտիզմի հետ»,- պնդում է Միխեիլ Սաակաշվիլին:

Դատախազությունը հակադարձում է՝ արտաքսված վրացիներն Ուկրաինայում ապրելու իրավունքը ստացել են Սաակաշվիլիի նահանգապետության շրջանում՝ կեղծ փաստաթղթերի միջոցով: «Առաջիկայում պաշտոնական Կիևը Վրաստանի ևս 20 քաղաքացու է արտաքսելու, որոնք իբրև թե եկել էին մշակութային գործունեությամբ զբաղվելու, սակայն հետո դարձել էին Սաակաշվիլիի վարորդը կամ թիկնապահը»,- հայտարարել է գլխավոր դատախազը՝ ակնարկելով, որ արտաքսվողների թվում կարող է նաև Միխեիլ Սաակաշվիլին լինել: «Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը մերժել է նրան փախստականի կարգավիճակի տրամադրումը, և հիմա ոչինչ չի խոչընդոտում Սաակաշվիլիի հնարավոր արտաքսմանը կամ արտահանձմանը»,- պնդել է Յուրի Լուցենկոն:

Սաակաշվիլին, մինչդեռ, հավաստիացնում է՝ որևէ մերժում չի ստացել: «Զավեշտն այն է, որ միգրացիոն ծառայությունը մինչ օրս չի պատասխանել իմ դիմումին և ընդհանրապես որևէ փաստաթութղ չի ներկայացրել, որը հարցականի տակ կդներ իմ՝ Ուկրաինայում մնալու իրավունքը»: «Չնայած իմ դեմ շարունակվող ճնշումներին՝ ես մտադիր եմ մնալ և պայքարել Ուկրաինայում ժողովրդավարություն հաստատելու համար»,- ժամեր առաջ հայտարարելէ նա՝ Կիևում կազմակերպված հավաքի ժամանակ: