Մեքսիկացի պատգամավորներն այցելում են Լեռնային Ղարաբաղ

ԼՂ ԱԺ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելում են Լեռնային Ղարաբաղ:

«Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների», - ասված է Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի՝ մեքսիկացի պատգամավորները և Հայաստանի ԱԺ փոխնախագահը այսօր նաև հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի հերթական խախտումը, հավելելով՝ սա ցույց է տալիս, որ այդ պետությունը նույնիսկ Ժնևի հանդիպումից հետո պատրաստ չէ կառուցողական քայլերի: Նա դատապարտել է նաև շփման գծում Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ» զինատեսակի կիրառումը և համոզմունք է հայտնել, որ միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել այդ փաստը: