Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համաձայն չէ, թե «Զինվորական ծառայության» մասին նոր օրենքի նախագիծը կխթանի արտագաղթը:
Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ նախարարը հակադարձեց՝ զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի առկայությունը չէ, որ պետք է կանխի արտագաղթը, առավել ևս, որ գործող օրենքով տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն ունի քաղաքացիների շատ փոքր մասը:
Ի դեպ, ուշագրավ է, որ արտագաղթի հետ կապված մտահոգությունը բարձրացրեց հենց իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն, ով նախկինում մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել, մասնավորապես՝ նախագահի վերահսկողական ծառայության պետի, Հարկային ծառայության պետի, Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնները։
Ընդ որում, Ֆելիքս Ցոլակյանը շեշտեց՝ այսօր արդեն միտում կա՝ տղա ունեցողներն իրենց երեխաներին սկսել են Հայաստանից դուրս բերել։
«Վախ կա, որ օրենքը կարող է մի քիչ արտագաղթին նպաստի, ինչո՞ւ, որովհետև այսօր արդեն տենդենց կա, որ տղա երեխա ունեցողները երեխաներին սկսելու են արդեն դուրս հանել։ Ես խնդրում եմ՝ ուղղակի դա հարկավոր է հաշվի առնել, պարտադիր ուսումնասիրել այս դաշտը, տեսնել՝ ինչ է կատարվում այս դաշտում, որովհետև պրոբլեմ իսկապես կա։ Ես լսում եմ մարդկանցից, ասում են՝ «քաղաքացիության հարց ենք լուծում, էս ենք անում, էն ենք անում», այսինքն՝ պրոբլեմը մենք չտեսնել չենք կարող։ Հարկավոր է այս պրոբլեմը խորն ուսումնասիրենք, որ ստեղ սխալ թույլ չտանք», - ասաց Ցոլակյանը։
Վիգեն Սարգսյանն էլ հակադարձեց։ - «Ես չեմ կարծում, որ մեր այսօրվա գործող օրենսդրությունը միտված է նրան, որ տարկետումների առկայությամբ չթույլատրի արտագաղթը: Բացարձակ, որովհետև տարկետումներից օգտվում է հասարակության մի շատ փոքր հատված, որը կարող է ընդունվել բուհ, չընդունվել բուհ, օգտվել այդ տարկետումից, թե՝ չէ, բոլոր մնացածը, մեկ է, նույն պարտադիր ժամկետային ծառայության պարտավորության տակ են։ Հետևաբար, ես չեմ կարծում, որ այդպիսի վերանայում՝ օրենսդրության, մեծ խթան է դառնալու լրացուցիչ արտագաղթային հոսքերի։ Առհասարակ ես կարծում եմ, որ արտագաղթի դեմն առնելը շատ ավելի երկարատև, հետևողական քաղաքականության արդյունք պետք է լինի, որը չի կարող հենվել լրացուցիչ խուսափելու հնարավորություններ ձևավորելու էդ հոգեբանության վրա», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Ես թիվ եմ հնչեցրել մեր խորհրդարանական լսումների ժամանակ, ուզում եմ վերահաստատել այդ թիվը՝ առաջին զորակոչին չզորակոչված քաղաքացիների, այսինքն՝ 18 տարեկանը լրանալիս չզորակոչված քաղաքացիներից հետագայում զորակոչվում է ոչ ավել քան 16-17 տոկոսը։ Այսինքն՝ առաջին տարկետումը գրեթե ազատման այսպիսի այցեքարտ է, հետևաբար ես չեմ կարծում, որ մեր քաղաքականությունը կարող է հենվել նրա վրա, որ «եկեք մի քիչ ավել տարկետումների տեղ թողնենք, որ արտագաղթը նվազի», դա հարցը չի լուծելու»։
Ցոլակյանը հակադարձեց․ - «Ես ասում եմ՝ ուսումնասիրություն է պետք կատարել, թե ինչ շարժ կա այսօրվա դրությամբ, որովհետև շարժ կա: Երեխան 14 տարեկան է՝ արդեն Ռուսաստանի քաղաքացի է: Ինչո՞ւ է դառնում: Եթե ինքը հույս ուներ ինչ-որ տարկետման, այս հույսը վերանում է այսօր»:
Նկատենք՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները հանձնաժողովի նիստում այս նախագծի քննարկմանը չէին մասնակցում: Փոխարենը՝ ակտիվ էին իշխող Հանրապետականի պատգամավորները: Մասնավորապես, Հանրապետական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը նաև հետաքրքրվեց՝ քանի որ նոր օրենքով բանակում վերանալու է նախկինում գործող սպորտային վաշտը, որտեղ ծառայում էին մարզիկները, արդյո՞ք դա լուրջ վնաս չի հասցնի սպորտին:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, թե սպորտային վաշտը պահելու համար պետությունը հսկայական ծախսեր է անում, ինչը արդարացված չէ: Փոխարենը, ըստ պաշտպանության նախարարի, ավելի արդար լուծում են գտել, որն, ի դեպ, մարզիկներին կօգնի ավելի արագ վազել և բարձր ցատկել:
«Մենք քննարկել ենք հարցը և՛ Օլիմպիական կոմիտեի, և՛ Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որոնք հիմնական շահառուներն են այդ Սպորտային վաշտ հասկացության, և եկել ենք եզրահանգման: Արդեն այս զորակոչին այդ սկզբունքով առաջնորդվել ենք: Ուրեմն՝ Կառավարության կողմից սահմանված սանդղակով արդյունք գրանցած անձինք Օլիմպիական խաղեր, Եվրոպայի առաջնություն, աշխարհի առաջնություն, պատանեկան առաջնություններ՝ առաջինից չորրորդ տեղ, ստանում են տարկետում Կառավարության որոշումով՝ երեք կամ չորս տարի ժամկետով: Այդ ընթացքում արդյունքը կրկնելու դեպքում նորից են ստանում տարկետում: Չկրկնելու դեպքում՝ զորակոչվում են ժամկետային զինվորական ծառայություն: Շատ արդար, նորմալ լուծում է: Եվ հուսանք դա նաև կօգնի մեր մարզիկներին ավելի բարձր ցատկել և ավելի արագ վազել», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Նշենք, որ զինվորական ծառայության մասին նոր օրենքի նախագծով ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով ուսումնառությունից հետո բանակում ծառայել, և այդ դեպքում արդեն ոչ թե երկու, այլ երեք տարի: Եթե քաղաքացին պայմանագիր չի կնքում, ապա 18 տարին լրանալուց հետո զորակոչվում է բանակ և ծառայում երկու տարի:
Նոր նախագիծն արդեն դժգոհություն է առաջացրել երիտասարդության շրջանում: Մի խումբ ուսանողներ և երիտասարդ դասախոսներ անցած շաբաթ բողոքի ցույց ու քայլերթ էին կազմակերպել Երևանում, պնդելով, թե այս օրենքի արդյունքում կրթությունն ընդհատվելու է: Նախարար Վիգեն Սարգսյանը, մինչդեռ, համաձայն չէ այս պնդումների հետ: Ավելին, ըստ նրա՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, ԵՊՀ ռեկտորի, ով նաև բուհերի ռեկտորների խորհրդի նախագահն է, ուսանողական միավորումների, մտավորականների հետ քննարկումների ժամանակ դրական եզրակցություններ են ստացել այս նախագծի վերաբերյալ: Նախարար Վիգեն Սարգսյանի համոզմամբ կա՛մ բուհ ընդունված բոլոր անձինք պետք է ունենան տարկետման իրավունք, կա՛մ ոչ: Չպետք է, օրինակ, անհավասար պայմաններ դրվեն նույն ֆակուլտետում անվճար և վճարովի սովորող ուսանողների միջև: Հիշեցնենք, որ վերջին տարիներին տարկետման իրավունքից հիմնականում օգտվում են անվճար համակարգով բուհ ընդունված ուսանողները:
«Մենք տարկետումը չենք վերացնում, մենք ասում ենք՝ եթե դու ձգտում ես լավ կրթություն ստանալու, համարում ես, որ անընդհատությունը քո համար կարևոր է և դու պատրաստվում ես գաս բանակ բակալավրի աստիճան ունենալով կամ դիպլոմավորված մասնագետի, մենք քեզ առաջարկում ենք գալ որպես սպա, ոչ թե որպես շարքային կազմի զինվոր: Դրա համար աշխատավարձ ենք քեզ վճարելու, դրա համար փոխհատուցելու ենք քո ուսման ծախսերը բակալավրիատուրայում, հետո էլ, եթե որոշես գնալ մագիստրատուրա, նաև մագիստրատուրայում», - պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:
Նախարարի համոզմամբ, աշխարհում որևէ երկրում կրթության անընդհատություն՝ բակալավրիատից մագիստրատուրա, մագիստրատուրայից ասպիրանտուրա՝ չկա: Հակառակը՝ բակալավրիատից մագիստրատուրա ընկած ժամանակահատվածում քաղաքացին պետք է աշխատի,փորձ ձեռք բերի, ծառայի, հետո արդեն ուսումը շարունակի մագիստրատուրայում իր նախընտրած մասնագիտությամբ: Վիգեն Սարգսյանը բերեց իր օրինակը․ - «Ես ընդունվել եմ մագիստրատուրա իմ բակալավրիատուրան ավարտելուց մի քանի տարի անց՝ Միացյալ Նահանգներում, եկել եմ 24 տարեկանում մագիստրատուրա, եղել եմ մագիստրատուրայի ամենաերիտասարդ ուսանողը, որովհետև բոլոր մնացածը 26-ից, 27-ից սկսած էին գալիս մագիստրատուրա»:
Հավելենք, որ «Զինվորական ծառայության մասին» նոր օրենքի նախագիծն այսօր դրական եզրակացություն ստացավ Պաշտպանության հանձնաժողովում, և այն արդեն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: