Անհայտ մի տղամարդ այսօր ներխուժել է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայան և դանակով հարվածել գլխավոր խմբագրի տեղակալ Տատյանա Ֆելգենգաուերին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր:
Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել: Ռադիոկայանի հաղորդմամբ, հանցագործը ձերբակալված է, նրա ինքնության վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հրապարակվում:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը արդեն հայտարարել է, թե հարձակումն իրականացվել է անձնական թշնամանքի հողի վրա, թեև ոստիկանությունը նշել է, որ դիտարկվում են նաև այլ վարկածներ:
Ավելի վաղ՝ անցած սեպտեմբերին, ռադիոկայանի մեկ այլ լրագրող՝ Յուլիա Լատինինան հեռացել էր Ռուսաստանից՝ անհայտ անձանց կողմից մի քանի անգամ հարձակման ենթարկվելուց հետո: