«2018-ից հետո էլ մեր առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը». Շարմազանով

Հանրապետականների համար կա մեկ առաջնորդ` դա Սերժ Սարգսյանն է, երեկ «Կիրակնօրյա վերլուծականի» հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ևս մեկ անգամ ընդգծելով․ - «Սերժ Սարգսյանը մեր թիմի անբեկանելի առաջնորդն է»։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

«Ազատություն». - Հանրապետական կուսակցությունը չի գաղտնազերծում, թե ինչով է զբաղվելու Սերժ Սարգսյանը՝ թողնելով նախագահի պաշտոնը՝ արդյո՞ք իշխանության ղեկը ձեռքում կպահի, բայց, մյուս կողմից, արդեն նույն կուսակցությունից բավական թափանցիկ ակնարկներ են հնչում, որ նա անփոխարինելի գործիչ է: Սա ի՞նչ է նշանակում, պարոն Շարմազանով։

Շարմազանով. - Սա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունը շարունակելու է ղեկավարել պարոն նախագահը, և մեր թիմի անկասկածելի և անբեկանելի առաջնորդը պարոն նախագահն է։ Այո՛, հանրապետականների համար կա մեկ առաջնորդ՝ դա Սերժ Սարգսյանն է, և 2018-ից հետո էլ մեր առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը։ Ի՞նչ կարգավիճակով, որտե՞ղ պարոն նախագահը կքննարկի կուսակցության հետ՝ մենք կքննարկենք և ապրիլից հետո կներկայացնենք։

«Ազատություն». - Ուժի մե՞ջ են սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս նրա այս խոսքերը, որ «վստահ եմ՝ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։

Շարմազանով. - Դա այլ բան է, դա այլ բան է։ Այո՛, մի մարդը երկու անգամ չպետք է հավակնի, որովհետև նախագահական համակարգում...

«Ազատություն». - Չէ, ասում է՝ երկրի ղեկը, չի ասում՝ նախագահի։

Շարմազանով. - Երկրի ղեկը մեկ մարդու ձեռքում չի սահմանադրական բարեփոխումներից հետո, երկրի ղեկը, ըստ սահմանադրական բարեփոխումների, կենտրոնանալու է այն քաղաքական ուժերի ձեռքում, ովքեր ունենալու են մեծամասնություն։

«Ազատություն». - Օրինակ, որ վարչապետ մնա, երկրի ղեկը իր ձեռքում չի՞ մնա։

Շարմազանով. - Երկրի ղեկը` ոչ, մենք բարեփոխումներ արել ենք, որպեսզի կուսակցությունների դերը բարձրացնենք, և երկրի ղեկը լինում է պառլամենտական համակարգում, ոչ թե մեկ հոգու ձեռքում, այլ կուսակցությունների ձեռքում՝ այն կուսակցությունների, ովքեր որ ստացել են մեծամասնություն, և այս իմաստով՝ նախագահական և պառլամենտական համակարգերը տարբեր են։ Իսկ այն, որ պարոն նախագահը քաղաքական մեծամասնության առաջնորդ է, դա որևէ մեկի համար կասկած չպետք է հարուցի, և մենք հպարտ ենք, որ իր թիմի անդամ ենք, ես ավելին պետք է նշեմ՝ ես հպարտ եմ, որ իր ղեկավարած կուսակցության, իր ղեկավարած քաղաքական իշխանության ներկայացուցիչն եմ և անձնապես իր զինվորն եմ՝ գաղափարական առումով։ Էդ իմաստով, ես միայն հպարտ եմ, որ կարողացել եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, եթե կարողացել եմ ծառայել՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Էդ իմաստով, 18 թվականի հետ կապված, օրը կգա՝ բարին հետը, մենք կներկայացնենք, բայց ուղղակիորեն զուգահեռներ անցկացնել նախագահական և պառլամենտական համակարգերի միջև՝ անշնորհակալ գործ է։

«Ազատություն»․ - Ձեր ընդդիմախոսները Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյակը գնահատելիս ասում են՝ աղքատությունը ավելացել է, արտագաղթն աճել է, չեն կատարվել խոստումները, օրինակ՝ նոր ատոմակայան, Իրան- Հայաստան երկաթուղի և այլն: Դուք համառոտ կարո՞ղ եք առաջընթացի երեք ցուցիչ ասել, որ այս տասը տարիների ընթացքում հանրապետական իշխանությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի, կյանքի է կոչել:

Շարմազանով․ - Այո՛, բազմաթիվ երկրներ ընդունել են Հայոց ցեղասպանությունը: 2008 թվականին, երբ պարոն նախագահը դարձավ նախագահ, ասեին՝ Գերմանիան կամ Չեխիան կընդունեն Հայոց ցեղասպանությունը, նաև իշխանության մեջ կլինեին մարդիկ, ովքեր կասեին՝ դա ֆանտաստիկայի ժանրից է: Արցախյան խնդրում մենք պահպանել ենք մեր դիրքերը, ոչ միայն պահպանել ենք, այլև ամրապնդել ենք, քառօրյա պատերազմում հաջողության ենք հասել և թույլ չենք տվել Ադրբեջանին որևէ նոր նախապայման դնել, և ցույց ենք տվել, որ մեր անվտանգությունը բավականին բարձր մակարդակի վրա է: Երկրորդը՝ Հայաստանը դարձել է անվտանգություն արտահանող երկիր և Հայաստանը դարձել է լրիվ այլ խաղացող տարածաշրջանում: Երրորդը՝ տնտեսական և աշխարհաքաղաքական այս խաչմերուկում, որտեղ եղել են բազում մարտահրավերներ Հայաստանի Հանրապետությանը, հնարավոր է եղել պահպանել կայունությունը:

Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի եզակի երկրներից է, որն այս տարիների ընթացքում ուղղակիորեն մեծ անվտանգային և ապակայունացման խնդիրներ չի ունեցել, և սա եղել է մեծապես քաղաքական իշխանության և, մասնավորապես, նախագահի շնորհիվ:

«Ազատություն»․ - Բայց ժողովրդի կյանքը չի բարելավվել:

Շարմազանով․ - Հայաստանում ժողովրդավարությունը լրիվ այլ մակարդակի վրա է․ բացեք բոլոր զեկույցները, հիշեք 2008 թվականը և այսօր: Հայաստանում խոսքի ազատությունը լրիվ այլ մակարդակի վրա է, Հայաստանում խղճի ազատությունը լրիվ այլ մակարդակի վրա է, Հայաստանում բանավեճը՝ նույն ընտրությունների գնահատականը․․․ ժողովրդավարության առումով էլ կան զարգացումներ:

«Ազատություն»․ - Իսկ ժողովրդի կյանքի որա՞կը․․․

Շարմազանով․ - Նայած՝ ժողովրդի կյանքի որակ ասելով ով ինչ է հասկանում:

«Ազատություն»․ - Հասարակ մարդիկ իրենց գրպանով են չափում:

Շարմազանով․ - 2007 թվականը ժողովրդի կյանքի որակով ամենալավագույն տարին էր, բայց 2008-ին մենք ունեցանք Մարտի 1: 2008-ի փետրվարյան ընտրություններում մենք ունեցանք տասնյակ հազարավոր դժգոհ քաղաքացիներ, ովքեր ռադիկալ էին տրամադրված: Միայն ստամոքսով չպիտի առաջնորդվենք, բայց պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի այս բարդ պայմաններում մենք կարողանանք դիմակայել և առաջ շարժվել: Ես անուղղելի լավատես եմ, և հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հաղթական երթը շարունակվելու է, անկախ նրանից՝ որ քաղաքական ուժը կլինի վաղը իշխանության:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.