Նախնական տվյալներով «Վրացական երազանքի» թեկնածուները քաղաքապետ են ընտրվել Թբիլիսիում և երեք այլ քաղաքներում

Վրաստանում երեկ անցկացված տեղական ինքնակառավարման ընտրությունների նախնական արդյունքներով իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուները քաղաքապետ են ընտրվել Թբիլիսիում, Բաթումիում, Փոթիում և Ռուսթավիում:

Մարաքաղաք Թբիլիսիում, ստանալով ձայների 51.13 տոկոսը, հաղթել է «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն:

«Վրացական երազանքի» թեկնածուները ստացել են ձայների ավելի քան հիսուն տոկոսը նաև Բաթումիում, Փոթիում և Ռուսթավիում` հաղթանակ տոնելով ընտրությունների առաջին փուլում:

Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Քութաիսիում, իշխող դաշինքի թեկնածուն ստացել է ձայների մեծամասնությունը` 48 տոկոսը, սակայն այստեղ անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ: